17:10 | 13.04.10 | Նորություններ | 3144

«ԱրմենՏել»-ը կերկարաձգի ինտերնետ հասանելիության ծառայությանը միանալու ակցիան

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, մինչեւ 2010թ. մայիսի 15-ը ներկայացնելով միացման հայտ եւ կնքելով համապատասխան պայմանագիր` հաճախորդները կստանան անվճար ADSL մոդեմ, ինչպես նաեւ Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար:

«Հանդիսանալով Հայաստանում կապի խոշորագույն ինտեգրված օպերատոր` «ԱրմենՏել»-ն առաջինն էր, որ լայնաշերտ ինտերնետ-հասանելիությունը դարձրեց մասսայական: Մենք հետագայում նույնպես մտադիր ենք մնալ առաջատարի դիրքում` շարունակելով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են հասարակության ամենալայն շերտերի համար ինտերնետն առավել հասանելի դարձնելուն»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի պայմանների համաձայն, միացումից հետո առաջին 12 ամսվա ընթացքում անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների: Եթե բաժանորդն օգտվում է մեգաբայթային սակագնային պլաններից, ապա նա կարող է անցնել դեպի անսահմանափակ սակագնային պլան կամ ավելի մեծ թրաֆիկով փաթեթ: