13:42 | 31.03.10 | Նորություններ | 3838

    Orange Armenia-ն հայտարարել է iPhone-ի վաճառքի մեկնարկի մասին

    Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է iPhone-ի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին:

    Ինչպես այսօր Երեւանում հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ընկերության 32 խանութներում ներկայացված են լինելու iPhone 3G եւ  iPhone 3GS հեռախոսները հատուկ մշակված սակագնային պլաններով:

    «Մենք ուրախությամբ ցանկանում ենք հայտարարել, որ Orange Armenia ընկերությունն առաջին օպերատորն է, որը հայաստանյան շուկայում ներկայացրել է iPhone: Լայն ծածկույթի եւ վաճառքի մեծ ցանցի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են լիովին վայելել iPhone-ը եւ նրա բացառիկ հնարավորությունները»,- ասել է Բրունո Դյութուան:

    Վերջերս Հայաստանը դարձել է App Store-ի անդամ, ուր ներկայացված են ավելի քան 150 հազ. ծրագրեր iPhone-ի համար:

    Orange Armenia-ն ներկայացրել է չորս հատուկ սակագնային պլան iPhone-ի համար:

    iPhone-ի սակագնային պլանները նախատեսում են ամենամսյա բաժանորդագրություն 4000, 6000, 10 000 եւ 20 000 դրամի սահմաններում:

    Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը նշել է, որ ձայնային ծառայություններից բացի բաժանորդային վճարի մեջ մտնում են նաեւ ինտերնետ-կապի ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք օգտվել iPhone-ի հնարավորություններից:

    Նոր սակագնային պլանների մասին մանրամասները ներկայացված են www.iphone.orangearmenia.am կայքում:

    Orange Armenia-ի խանութներում ներկայացված են iPhone-ի հետեւյալ մոդելները.
    iPhone 3G 8 GB` 245 000 դրամ;
    iPhone 3GS 16GB` 299 000 դրամ;
    iPhone 3GS 32GB` 350 000 դրամ: