13:00 | 30.03.10 | Նորություններ | 3560

iCON Communications-ը Երեւանում կանցկացնի շարժական օն-լայն օլիմպիադա

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում իր գործունեության մեկ տարին iCON Communications ընկերությունը որոշել է նշել շարժական օն-լայն օլիմպիադայով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է iCON Communications-ի կոմերցիոն տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

Նրա խոսքերով, մարտի 30-ից մինչեւ ապրիլի 3-ը քաղաքի տարբեր մասերով անցնելու են iCON-ի ինտերնետ ցանցին միացված նոութբուքերով ավտոմեքենաներ: Օլիմպիադայի մասնակիցները պետք է գրանցվեն ընկերության աշխատակիցների մոտ եւ 10 րոպեի ընթացքում օն-լայն պատասխանեն 30 հարցերի:

Րաֆֆի Քասարջյանն ընդգծել է, որ հաղթող է համարվելու նա, ով նվազագույն ժամանակահատվածում կպատասխանի առավելագույն թվով հարցերի: Նա նկատել է, որ լինելու են նաեւ հարցեր, որոնց պատասխանները գտնվում են ինտերնետում, այսինքն, մասնակիցը պետք է մտնի համապատասխան կայք եւ գտնի պատասխանը:  

Րաֆֆի Քասարջյանն ընդգծել է, որ դրանով «մենք ցանկանում ենք ցույց տալ ինտերնետի հնարավորությունները գիտելիքի, այլ ոչ միայն սոցիալական ցանցերի եւ ծանոթությունների կայքերի տեսանկյունից»:

Օլիմպիադայի մասնակիցները ընկերության կողմից կստանան մրցանակներ` iCON optima ինտերնետ-փաթեթ առաջին տեղի համար,  iCON media` երկրորդ եւ iCON connect` երրորդ տեղերի համար: