15:17 | 17.03.10 | Նորություններ | 2776

«ԱրմենՏել»-ը միացել է չորրորդ անկախ կապի աղբյուրին

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) Հայաստանում հեռահաղորդակցության  ծառայություններ մատուցող առաջին օպերատորն է, որը միացել է Եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System» կաբելային համակարգի միջոցով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այդ ուղղությունն ամբողջովին անկախ է եւ, ի լրումն առկա երեքին, կդառնա «ԱրմենՏել»-ի մուտքն ինտերնետ ապահովող նոր մայրուղի:  

«Մեր ենթակառուցվածքի միացումը նոր` չորրորդ ուղղությանը կապի արտաքին ուղիների դիվերսիֆիկացմանն ուղղված ռազմավարության մի մասն է կազմում: Մեզ` որպես կապի միասնական օպերատորի, դա հնարավորություն է ընձեռում ոչ միայն բարձրացնել մեր կողմից մատուցվող ինտերնետի, այլ նաեւ միջազգային հեռախոսակապի որակը»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նոր մայրուղին անցնում է Սեւ ծովի հատակով, իսկ Եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին միանում է Բուլղարիայի տարածքում: