09:55 | 12.03.10 | Նորություններ | 2981

Beeline-ը կաջակցի ռուսերեն լեզվի էլեկտրոնային ինքնուսույցի ներդրմանը

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) կօժանդակի ՀՀ ուսումնական հաստատություններում ռուսերեն լեզվի ինտերակտիվ մուլտիմեդիային էլեկտրոնային ինքնուսույցի ներդրման նախագծին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, էլեկտրոնային ինքնուսույցով կապահովվեն քաղաքային եւ գյուղական դպրոցները, ինչպես նաեւ մայրաքաղաքային եւ մարզային բուհերը:

“Կրթական հարցերը մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության անկյունաքարն են: Այս նախագիծը կազմված է ռուսերեն լեզվի ուսուցման ժամանակակից մեթոդիկայով, եւ վկայում է, թե ինչպես են բարձր տեխնոլոգիաները ուսումնական գործընթացը դարձնում ավելի հարմարավետ եւ մատչելի”,- ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինտերակտիվ մուլտիմեդիային էլեկտրոնային ինքնուսույցի ներդրման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից: