10:32 | 24.02.10 | Նորություններ | 4327

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հատում է Հայաստանի սահմանները

Փետրվարի 24-25-ը “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Լիբանանում մի շարք հանդիպումներ կունենա  հայազգի ուսանողների եւ աշակերտների հետ: Նախաձեռնության մանրամասները` Մեդիամաքս-ին տրված բացառիկ հարցազրույցում:

- Հայտնի է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կարգախոսը` “Բիզնես, որն ունի  առաքելություն ”: Կարո՞ղ ենք փաստել, որ այժմ այդ կարգախոսն այլեւս սահմանափակված չէ Հայաստանի սահմաններով: Որո՞նք են այս նոր նախաձեռնության նպատակները:

-  Հունվարին, երբ գտնվում է իմ ծննդավայր Լիբանանում, հանդիպում ունեցա տեղի հայ մտավորականների հետ, որոնց պատմեցի այն ծրագրերի մասին, որոնք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իրականացնում է Հայաստանում` տարբեր բուհերի եւ կրթական այլ հաստատությունների ուսանողների համար: Այդ հանդիպումից հետո ինձ առաջարկեցին մեր փորձը ներկայացնել նաեւ Լիբանանի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին: Մենք ընդունեցինք այդ հրավերը և նախաձեռնեցինք փետրվարի 24-25-ի ուղևորությունը:

Այո, կարող ենք ասել, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այլեւս հատում է սահմանները: Աշխարհի յուրաքանչյուր կետում, որտեղ ապրում են հայեր, այնտեղ էլ ներկա կլինի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Լինելով կայացած ընկերություն, ցանկանում ենք մեր երիտասարդ հայրենակիցներին ներկայացնել մեր իրական փորձը, որպեսզի իրենք առաջնորդվեն ոչ թե կարծրատիպերով եւ երբեմն ոչ ճիշտ պատկերացումներով, այլ ավելի լավ զգան հայրենիքը:

Իմ պատանի եւ երիտասարդ տարիներին ես էլ գիտելիքներ էի ստանում հայրենիքի մասին` չտեսնելով այն: Արդեն հասուն տարիքում եկա Հայաստան եւ այստեղ մեծ փորձ ձեռքբերեցի: Այս երկուսի համադրությունն է, որ ցանկանում եմ ներկայացնել Լիբանանում ապրող մեր երիտասարդ հայրենակիցներին:

Մեր նպատակն է, որ այդ լիբանանահայ երիտասարդները գան Հայաստան, շնչեն այս երկրի օդը, ճաշակեն  հացը, շփվեն հայրենակիցների հետ եւ ավելի մոտիկից ճանաչեն հայրենիքը: Հայրենիք ասելով, ես ի նկատի ունեմ ոչ միայն Երեւանը, այլեւ Հայաստանի բոլոր մարզերը:

Շատ կարեւոր է երիտասարդներին ներկայացնելնաեւ այն, , թե ինչպե՞ս ստեղծվեց մեր ընկերությունը, զարգացման ի՞նչ փուլեր անցավ, ինչպե՞ս կարողացավ ձեւավորել մի ընտանիք, որի հիմքում դրված է փոխադարձ հարգանքը եւ պատասխանատվությունը հասարակության հանդեպ:

- Ինչպես եք երիտասարդներին խրախուսելու այցելել Հայաստան:

- Դա անելու ենք երկու ուղղությամբ: Լիբանանում մեր գնտվելու օրերին աշակերտների եւ ուսանողների համար կկազմակերպենք վիճակահանություն  եւ շահողներին կհրավիրենք Հայաստան` հոգալով նրանց տոմսերի եւ հյուրանոցային ծախսերը: Այսպիսով, փորձելու ենք այնպես անել, որ տնտեսական գործոնը հայրենիք այցելելու հարցում  խոչընդոտ չդառնա: Այս նախագիծն իրականացվում է “Դեպի Հայք” ծրագիրն իրագործող “Birthright Armenia” («Ապրելու իրավունք Հայաստանում») կազմակերպության հետ համագործակցաբար, որը մշակել է սփյուռքահայ երիտասարդներին Հայաստան հրավիրելու և նրանց կողմից Հայաստանը երկիրը տարբեր կողմերից բացահայտելու հնարավորություն ընձեռող ընդգրկուն ծրագիր:

Երկրորդ ուղղությունը մեր համագործակցությունն է Լիբանանի «Հայկազյան» համալսարանի հետ, որի ուսանողները եւս պարբերաբար կայցելեն Հայաստան և այդ այցի շրջանակներում նաև կծանոթանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությանը: Համագործակցության մասին համաձայնագիրը կնքելու ենք այս այցելության ընթացքում: Այս դեպքում եւս բոլոր ծախսերը կհոգա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

- Բնական է, որ ծնված լինելով Լիբանանում, որոշեցիք այս  նախաձեռնությունը մեկնարկել  հենց այնտեղից: Կարելի՞ է ակնկալել, որ հաջող արդյունքի դեպքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կմեկնի նաեւ հայաշատ այլ երկրներ:

- Այս առաջին նախաձեռնության փորձի եւ ստացված արձագանքների վրա հիմնվելով, մենք կկողմոնորոշվենք մեր հետագա քայլերում: Ինչպես արդեն ասացի` որտեղ հայ մարդ կա, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն այնտեղ պետք է լինի: Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպումների փորձը շատ օգտակար կլինի:

- Ինչպիսի՞ն է ՄՏՍ խմբի արձագանքը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի այս նախաձեռնությանը:

- Նախեւառաջ, եկեք չմոռանանք, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հայկական սիրտ ունեցող ապրանքանիշ է: Ինչ վերաբերում է ՄՏՍ խմբին, որի մաս ենք կազմում, ապա գլխամասային գրասենյակը ողջունեց մեր այս գաղափարը: Կարծում եմ, որ իրենք էլ մեծ հետաքրությամբ կսպասեն ծրագրի արդյունքներին:

- Յուրաքանչյուր անգամ, երբ ներկայացվում են նման հավակնոտ ծրագրեր, ի հայտ են գալիս տարբեր տեսակի ենթադրություններ եւ շահարկումներ` այս կամ այն ծրագրի “թաքնված նպատակների” մասին: Ինչ կասեք այս կապակցությամբ:

- Այս նախաձեռնությունը համարում ենք մեր հերթական քայլերից մեկը` կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում: Եթե քննադատները կարող են իրենց ներդրումն ունենալ, թող իրենք էլ միանան մեզ: Այն ինչ անում է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը, հիմնված է ներքին հավատի վրա: Եթե հնարավորուոթյուն ունենք ներկայացնել մեր փորձը եւ երիտասարդներին քաջալերլ , որ գան հայրենիք, ինչո՞ւ չանենք դա: Մեր մոտեցումն անշահախնդիր է: