17:01 | 29.10.09 | Նորություններ | 3145

VivaCell-MTS-ի հաջողության գաղտնիքը նրանում է, որ ընկերության մենեջմենթը խոսում եւ մտածում է հայերեն, կարծում է ՄՏՍ-ի փոխնախագահը

Երեւան /Մեդիամաքս/. “VivaCell-MTS-ի հաջողության գաղտնիքը նրանում է, որ ընկերության մենեջմենթը խոսում եւ մտածում է հայերեն”,- այսօր հայտարարել է “ՄՏՍ” ԲԲԸ փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Սեւան քաղաքում հանդես գալով ՀՀ բոլոր մարզերում 3G ցանցի գործարկմանը նվիրված մամլո ասուլիսում` Օլեգ Ռասպոպովը բարձր է գնահատել VivaCell-MTS-ի մենեջմենթի աշխատանքը` ասելով, որ հայաստանյան օպերատորը “ՄՏՍ” խմբի ամենահաջողակ անդամն է իր պատասխանատվության գոտում գտնվող բոլոր շուկաների միջեւ, որոնք բացի Հայաստանից ներառում են նաեւ Բելառուսը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը:

“Մենք ձգտելու ենք, որ VivaCell-MTS-ը մնա Հայաստանի բջջային կապի շուկայի առաջատարը”,- ասել է Օլեգ Ռասպոպովը` հավելելով, որ “ՄՏՍ” ԲԲԸ-ն շարունակելու է օժանդակել հայաստանյան օպերատորի բոլոր նախաձեռնություններին ինչպես նորարարությունների ոլորտում, այնպես էլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառում:

VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ Հայաստանում գործելու ընթացքում ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $350 մլն` հավելելով, որ 2010 թվականին օպերատորի նախատեսած ներդրումների ծավալը կազմելու է շուրջ  $55 մլն: