17:00 | 29.10.09 | Նորություններ | 3650
Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը այսօր հայտարարել է Հայաստանի 47 քաղաքներում եւ խոշոր գյուղերում 3G ցանցի գործարկման մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Սեւան քաղաքում ՄՏՍ-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
“Այս տարի ապրիլին Գյումրիում գործարկելով 3G ցանցը` մենք խոստացանք, որ ընդլայնելու ենք այն, եւ այսօր հայտարարում ենք ցանցի ներդրման երկրորդ փուլի ավարտի մասին, ինչի արդյունքում 3G ցանցն արդեն հասանելի է Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը` հավելելով, որ ընկերությունը մտադիր է սկսել ՀՀ բոլոր բնակավայրերում երրորդ սերնդի ցանցի ներդրման հերթական փուլը:
VivaCell-MTS-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է նաեւ, որ օպերատորի 3G ցանցն արդեն հասանելի է նաեւ Երեւանի մետրոպոլիտենում: Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, ընկերությունն արդեն աշխատում է LTE չորրորդ սերնդի կապի ներդրման ուղղությամբ, որը մտադիր է տրամադրել հաջորդ տարի:
Օլեգ Ռասպոպովը ողջունել է ցանցի գործարկումը Հայաստանի բոլոր մարզերում: Նա նշել է, որ անձամբ փորձարկել է կապը եւ համոզվել, որ այն համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:
Գտնվելով 3G ցանցում` բաժանորդները կարող են կատարել տեսազանգեր, ինչպես նաեւ օգտվել լայնաշերտ ինտերնետից հեռախոսի կամ USB մոդեմի միջոցով: