14:17 | 21.10.09 | Նորություններ | 3163
Երեւան /Մեդիամաքս/. «Պիրատային» ծրագրային ապահովման տարածման մակարդակով Հայաստանը զիջում է միայն Վրաստանին եւ Բանգլադեշին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է BSA միջազգային կազմակերպության հաշվետվության մեջ, որն այսօր Երեւանում կազմակերպել էր կլոր սեղան Հայաստանում համակարգչային «պիրատության» դեմ պայքարի թեմայով:
Ինչպես նշել է BSA-ի իրավախորհրդատու Նարինե Մկրտչյանը, Հայաստանում «պիրատային» ծրագրային ապահովման տարածման մակարդակը վերջին տարվա ընթացքում նվազել է 3 տոկոսային կետով եւ ներկայումս կազմում է 92 տոկոս:
Նարինե Մկրտչյանը ողջունել է կառավարության կողմից հեղինակային իրավունքի պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը` նշելով, որ հանձնաժողովը կնպաստի Հայաստանում համակարգչային «պիրատության» հետագա կրճատմանը:
Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ «պիրատային» սկավառակները եւ ծրագրային ապահովումը վնասում են ՀՀ տնտեսությանը` կարծիք հայտնելով, որ դժվար թե համաշխարհային IT-արդյունաբերության որեւէ խոշոր ներկայացուցիչ համաձայնի ներդրում կատարել այն երկրում, որտեղ չի հարգվելու իր հեղինակային իրավունքը:
ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչ Արթուր Վարդերեսյանը նշել է, որ հեղինակային իրավունքի պաշտպանության գործում ոստիկանությունն ունի այն մարդկանց օժանդակության կարիքը, ում իրավունքները խախտվել են, «մինչդեռ ամեն տարի ոստիկանությունը ստանում է հեղինակային իրավունքի խախտման մասին ընդամենը 5-6 դիմում»: