10:30 | 20.08.09 | Նորություններ | 3230

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը գործարկել է “Ամառային ներշնչանք” նախագիծը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը հայտարարել է “Ամառային ներշնչանք” նախագծի մեկնարկի մասին ՀՀ մարզերում գործող Մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, “Ամառային ներշնչանք” նախագծի նպատակը ՀՀ մարզերում ապրող երեխաների ստեղծագործական տաղանդը բացահայտելն ու զարգացնելն է: Աշխատանքները կարող են ներկայացվել տարբեր ոճերում` ազգային պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ եւ լուսանկարչություն: Աշխատանքները պետք է թեմատիկորեն կապված լինեն “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի հետ, կամ պարունակեն ընկերության կորպորատիվ լոգոն:

Ցուցահանդես-մրցույթին մասնակցելու են յուրաքանչյուր Մշակույթի տան կամ դպրոցի կողմից ընտրված աշխատանքները: Հաղթողը, սակայն, ընտրվելու է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կողմից, իսկ մրցանակը հանձնվելու է ոչ թե հաղթող աշխատանքի հեղինակին, այլ` կրթական հաստատությանը:

“Այս մոտեցման հիմքում ընկած է ընդհանուր նպատակներին հասնելու գործում անհատական ներդրումը եւ սեփական տաղանդները հանուն հարազատ կրթօջախի զարգացման կիրառելու գաղափարի խրախուսումը”, - նշել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ում:

“Մեր երեխաները տաղանդավոր են, եւ մեր պարտքն է բացահայտել եւ նպաստել նրանց բազմակողմանի զարգացմանը”, - նշել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: