15:04 | 19.08.09 | Նորություններ | 3260

ՀԾԿՀ-ն շնորհակալ է ՀՀ բջջային օպերատորներին դրսեւորած ճկունության համար

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ անդամ Սամվել Արաբաջյանը ՀՀ բջջային օպերատորներին շնորհակալություն է հայտնել “դրսեւորած ճկունության եւ փոխկապակցման նոր վճարների վերաբերյալ բանակցությունների ընթացքում փոխզիջումների գնալու պատրաստակամության” համար:

Սամվել Արաբաջյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է, որ վերջին 2 ամիսների ընթացքում “ԱրմենՏելի”, VivaCell-MTS-ի եւ Orange Armenia-ի ղեկավարները բանակցություններ են վարել “դրական հունով”, ինչը թույլ է տվել համաձայնեցնել մի փաստաթուղթ, որը կբերի զանգերի գնի նվազեցմանը բաժանորդների համար:

ՀԾԿՀ-ի անդամը նկատել է, որ 2010թ. հունվարի 1-ից սահմանված փոխկապակցման ելքային վճարը զգալիորեն ցածր կլինի գործող սակագնից: Նրա խոսքերով, “փաստաթղթում տեղ է գտել գների իջեցման կայուն դինամիկա, եւ 1.5 տարվա ընթացքում գները կնվազեցվեն մոտավորապես 60 տոկոսով”:

Սամվել Արաբաջյանն ասել է, որ կայացված որոշումը հիմնված է ժամանակակից մեթոդիկայի վրա, որը ներկայացվել էր եվրոպացի փորձագետների կողմից:

Սամվել Արաբաջյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ առաջիկայում ՀԾԿՀ-ն կքննարկի նաեւ SMS-հաղորդագրությունների փոխկապակցման նոր վճարների սահմանման հարցը, ինչը եւս կհանգեցնի գների իջեցմանը սպառողների համար: