14:47 | 11.08.09 | Նորություններ | 3111

ՀՀ նախագահն ընդունել է արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակների արժանացած ուսանողներին

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել “Լույս” հիմնադրամի ծրագրով կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ, ովքեր ընդունվել են արտերկրի մի շարք հեղինակավոր բուհեր:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում, ՀՀ նախագահը հանդիպման ընթացքում ասել է, որ այսօր պետությունն ոչ միայն հռչակում է բարձրակարգ կրթություն ստանալու կարեւորությունը, այլեւ փաստացիորեն ֆինանսավորում է այն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ուսանողների օրինակն ոգեւորելու է շատ ու շատ երիտասարդների, եւ տարեցտարի աշխարհի առաջնակարգ բուհերում ավելի ու ավելի մեծ թվով հայեր են սովորելու:

ՀՀ նախագահը նշել է, որ հիմնադրամի գործունեությունը գնահատվելու է ոչ միայն արտերկրի լավագույն բուհերում սովորող երիտասարդների քանակով, այլեւ նրանց մասնակցությամբ այսօր մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, որոնցից մեկն էլ հենց կրթական ոլորտի բարեփոխումներն են: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայաստանյան բուհերը պարտավոր են տալ ժամանակակից կրթություն եւ լինել մրցունակ:

Սերժ Սարգսյանն ասել է, որ ներկայում որակյալ կադրերի մեծ պահանջարկ կա, եւ կառավարությունը շահագրգռված է պետական կառավարման մարմիններում ընդգրկելու երիտասարդ որակյալ մասնագետների: Նախագահը նկատել է, որ կառավարությունը մտադիր է շարունակել լայնածավալ բարեփոխումները եւ ցանկանում է այդ գործընթացում կիրառել ինչպես “Լույս”-ի կրթաթոշակառուների, այնպես էլ տարբեր հիմնադրամների աջակցությամբ արտերկրում սովորող երիտասարդների ու հայրենի բուհերի լավագույն ուսանողների գիտելիքները եւ փորձառությունը: