17:01 | 07.08.09 | Նորություններ | 2645

“ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը պետական կառույցներին խորհուրդ է տալիս կայքերը տեղադրել սեփական սերվերների վրա

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելի” եւ “Արմինկո”-ի միջեւ բնականոն պիրինգի (ինտերնետ-պրովայդերների տեխնիկական փոխգործակցությունն իրենց ցանցերի միջեւ թրաֆիքի փոխանակման ոլորտում) վերականգնման համար վերջինս պետք է պարզապես վերակարգավորի իր սարքավորումները:

Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է “ԱրմենՏելի” (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով “Արմինկո”-ի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ “ԱրմենՏելն” արգելափակում է ինտերնետի իր բաժանորդների մուտքը կառավարական կայքեր:

Իգոր Կլիմկոյի խոսքերով, “ԱրմենՏելի” ինտերնետային ծառայություններից օգտվողները դժվարություններ են ունենում հենց այն կայքեր այցելելիս, որոնց հոսթինգը գտնվում է “Արմինկո”-ի սերվերների վրա: “Դեռեւս 2008 թվականին “Արմինկո”-ն նվազեցրեց պիրինգի հասանելիությունը մինչեւ 32 Կբ/վրկ եւ այն բարձրացրեց միայն այն ժամանակ, երբ մենք դիմեցինք ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին”, - ասել է “ԱրմենՏելի” ղեկավարը:

Այն պետական կառույցներին, որոնց կայքերի հոսթինգը գտնվում է “Արմինկո”-ի սերվերների վրա, Իգոր Կլիմկոն  խորհուրդ է տվել իրենց կայքերը տեղադրել սեփական անկախ սերվերների վրա: