16:42 | 07.08.09 | Նորություններ | 3380
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) եւ “Սպառողների իրավունքների պաշտպանություն” հասարակական կազմակերպությունը այսօր Երեւանում համագործակցության հուշագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հուշագիրը ստորագրել են “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ “Սպառողների իրավունքների պաշտպանություն” ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը:
Համագործակցությունը ենթադրում է “ԱրմենՏելի” մատուցած ծառայությունների մոնիտորինգ եւ վերլուծություն` ընկերության սպասարկման որակը բարձրացնելուն ուղղված առաջարկությունների նպատակով:
“Մեր ծառայությունների անկախ փորձաքննությունը կօգնի նույնականացնել խնդրահարույց գոտիները եւ քայլեր ձեռնարկել դրանց հաղթահարման ուղղությամբ”, - ասել է Իգոր Կլիմկոն` հավելելով, որ “ԱրմենՏելի” համագործակցությունը հասարակական կազմակերպության հետ նախատեսում է նաեւ համատեղ օրենսդրական նախաձեռնություններ:
Աբգար Եղոյանը տեղեկացրել է, որ “Սպառողների իրավունքների պաշտպանություն” ՀԿ-ն հեռահաղորդակցային ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության փորձ ունի: Նրա խոսքերով, հասարակական կազմակերպության հետ համագործակցությունը կբարձրացնի “ԱրմենՏելի” մրցունակությունը: