16:49 | 29.07.09 | Նորություններ | 4415

Հայ-հնդկական «Գերազանցության կենտրոնը» լրջորեն կխթանի ՏՏ մասնագետների թվի աճը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանն ու Itel.am պորտալին

Օրերս Առաջատար հաշվիչ տեխնիկայի զարգացման հնդկական կենտրոնը (C-DAC) եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը պայմանագիր են ստորագրել Երեւանում հայ-հնդկական «Գերազանցության կենտրոն» ստեղծելու մասին:

«Գերազանցության կենտրոն» հիմնելու գործում C-DAC-ի հայաստանյան գործընկերն է հանդիսանում «Ձեռնարությունների ինկուբատոր» հիմնադրամը /ՁԻՀ/:  

- Ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ կենտրոնը և ինչո՞վ է զբաղվելու:

- Կենտրոնի հիմնական ուղղությունը ՏՏ ոլորտի լայն սպեկտրի մասնագետների պատրաստումն է` սկսած սարքերի ու ցանցերի կառավարման մասնագետներից մինչեւ ծրագրային ապահովման միջոցների եւ տարբեր տեխնոլոգիաների ուսուցման մասնագետներ:

Կենտրոնում կկազմակերպվեն դասընթացներ համալսարանների դասախոսական անձնակազմի համար, կանցկացվի պետական եւ այլ կառույցների մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում:

Կենտրոնը կունենա նաեւ հետազոտական բաժին, որտեղ իրականացվելու են մասնավորապես համակարգիչների ու համակարգչային տեխնիկայի կարողությունների բարձրացման (այսպես կոչված High Performance Computing) հետազոտական աշխատանքներ: Ուսումնասիրվելու են նաեւ էլեկտրոնային կառավարման ու ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցերը:

Շատ կարեւոր է նաեւ այն, որ կենտրոնում կանցկացվեն սերտիֆիկացման դասընթացներ 6 ուղղություններով: Ինչպես մենք, այնպես էլ հնդկական կողմը հետաքրքրված է, որ կենտրոնի սերտիֆիկացմանը մասնակցեն ոչ միայն  Հայաստանի, այլ նաեւ հարեւան երկրների մասնագետները:

- Ինչպե՞ս ծնվեց Հայաստանում նման կենտրոն հիմնելու գաղափարը:

- Հայաստանում հայ-հնդկական «Գերազանցության կենտրոնի» ստեղծման միտքն առաջին անգամ բարձրացվել է 2007 թ. Հայաստանի ու Հնդկաստանի միջկառավարական նիստի ժամանակ` Հայաստանի պատվիրակության  Հնդկաստան կատարած այցի շրջանակներում: Դրան հաջորդեց հնդկական պատվիրակության  այցը Հայաստան: Պատվիրակությունը պատրաստեց «Գերազանցության կենտրոն» ստեղծելու մասին ընդհանուր դրույթներով առաջարկ, որն ընդգրկվեց Հայաստանի ու Հնդկաստանի միջկառավարական համաձայնագրում:

Այժմ պատրաստվում է ծրագրի մանրամասն բիզնես-նախագիծը, որի հիման վրա C-DAC-ն ու ՁԻՀ-ը կստորագրեն համաձայնագիր:

Բիզնես-նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջը:

- Ի՞նչ չափի ներդրումներ են կատարելու հնդկական ու հայկական կողմերը կենտրոնի հիմնադրման գործում:

- Հնդկական կողմը ներդնում է մոտ $1.5 մլն, հայկականը` ավելի քան $500 հազար, այսպիսով, ներդրումների նախնական ծավալը կազմում է մոտ $2 մլն: Ավելի ստույգ թիվ հնարավոր կլինի հրապարակել միայն բիզնես-նախագիծն ավարտելուց հետո: 

Հայաստանի կառավարությունը տրամադրելու է կենտրոնի համար տարածք, ավահովելու է անհրաժեշտ կահավորումն ու ենթակառուցվածքները, հոգալու է տեղական աշխատակազմի ծախսերը:

C-DAC-ն իր հերթին տրամադրելու է իր սարքավորումները, սուպերկոմպյուտերը, ցանցերը եւ այլն, կիրականացնի դասընթացներ և կանցկացնի տեղական դասախոսների վերապատրաստում:

Նախատեսվում է, որ  կենտրոնի ստեղծումից հետո եւս մեկ տարվա ընթացքում հնդկական  մասնագետները աջակցելու են կենտրոնի աշխատանքներին: Լինելու է նաեւ մասնագետների փոխանակություն:  Մասնավորապես, արդեն օգոստոսին հնդկական կողմը նախատեսում է իր մոտ նախապատրաստման հրավիրել 8 հայ մասնագետների: 

Բացի այդ, ստեղծվելու է Հայաստանի ու Հնդկաստանի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանձնաժողով, որը կվերահսկի կենտրոնի գործունեությունը:

- Ե՞րբ և որտե՞ղ է նախատեսվում հիմնել «Գերազանցության կենտրոնը»: Գործելու՞ է այն արդյոք որևէ համալսարանի շրջանակներում, թե լինելու է առանձին կառույց:

- Մենք հուսով ենք, որ կենտրոնը պատրաստ կլինի  2010 թ. հունվար-փետրվարին:

Կենտրոնի տեղի հետ կապված դիտարկվում են մի շարք տարբերակներ: Մենք ցանկանում ենք, որ կենտրոնը ստեղծվի Երեւանի պետական կամ ճարտարագիտական համալսարանների տարածքում: Քննարկվում է նաեւ օգտագործել ՁԻՀ-ի գործող լաբորատորիաներն ու տարածքը:

Կա նաեւ տարբերակ, որով կենտրոնը կունենա 1 գլխավոր գրասենյակ, իսկ լաբորատորիաները կլինեն տարբեր բուհերում:

- Ինչո՞վ է պայմանավորված C-DAC-ի շահագրգռվածությունը հիմնել նման կենտրոն հենց Հայաստանում:

- Հնդկաստանը ՏՏ ոլորտում առկա միջազգային մրցակցության պայմաններում ձգտում է աշխարհով մեկ տարածել իր տեխնոլոգիական ու կրթական լուծումներն ու մոտեցումները` ստեղծելով նման կենտրոններ այն երկրներում, որոնց ՏՏ ոլորտն ունի մեծ ներուժ:

Երբ C-DAC-ի մասնագետներն ուսումնասիրեցին Հայաստանի կրթական համակարգի պոտենցիալն ու ՏՏ ոլորտի զարգացման ամբիցիաները, նրանք համոզվեցին, որ եթե նույնիսկ կենտրոնը չդառնա տարածաշրջանային, ապա գոնե Հայաստանի համար այն կունենա մեծ նշանակություն:

- Հայտնի՞ է արդյոք, քանի երկրներում C-DAC-ն ունի նման «Գերազանցության կենտրոններ»:

- Հնդկաստանի կառավարությունը աշխարհի տարբեր երկրներում ստեղծել է 10-ից ավել «Գերազանցության կենտրոններ», որոնցից 3-ից 5-ը կոորդինացվում են C-DAC-ի կողմից:

ԱՊՀ-ում C-DAC-ն արդեն ունի մեկ «Գերազանցության կենտրոն» Ղազախստանում, այժմ վարում է բանակցություններ Բելառուսում կենտրոն ստեղծելու շուրջ:

- Ըստ Ձեզ, ի՞նչ արդյունքների կբերի Հայաստանյան ՏՏ ոլորտի համար նման կենտրոնի հիմնումը:

- Կենտրոնը լրջորեն կխթանի ՏՏ մասնագետների թվի աճը: 10 տարվա ընթացքում Հայաստանը նախատեսում է կրկնապատկել ՏՏ մասնագետների թիվը` հասցնելով այն 5000-ից 10 000-ի, իսկ ապահովել դա բուհական համակարգի բնականոն զարգացմամբ անհնար է: Բացի այդ, համալսարանը նոր ավարտած ՏՏ-մասնագետների շուրջ կեսը չի զբաղվում իր մասնագիտությամբ:

Կենտրոնը կօգնի նաեւ Հայաստանին դիրքավորվել տարածաշրջանում որպես երկիր, որը կարող է տրամադրել հարեւաններին որոշակի գիտելիքներ ՏՏ ոլորտում:

Ես խիստ կարեւորում եմ նաեւ հայաստյան ՏՏ ոլորտի փորձագիտական ու, հետազոտական աշխատանքների խթանումը: Հայաստանը համաշխարհային շուկայում մինչ այժմ հիմնականում միայն մատուցել է ՏՏ-ծառայություններ` քիչ ուշադրություն հատկացնելով հետազոտական աշխատանքներին:

Կարծում եմ` նման կենտրոնի հիմնումը կկոնսոլիդացնի բոլոր ջանքերը, որոնք տարվում են ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների պատրաստման գործում:

- Որքանո՞վ են հասանելի լինելու կենտրոնի ուսումնական ծառայությունները:

- Կենտրոնում նախատեսվում են ինչպես վճարովի այնպես էլ անվճար դասընթացներ:

Վճարների չափը կհստակեցվի բիզնես-նախագծի ավարտից հետո: Հստակեցվելու է նաեւ այն, թե որքանով են այդ դասընթացները սուբսիդավորվելու պետության կողմից:

Նշեմ, որ դասընթացների մեծ մասը Հայաստանի համար լինելու է բացառիկ, այսպիսով` պետական սուբսիդավորումը չի ստեղծի ՏՏ դասընթացների շուկայում անհավասար մրցակցային վիճակ: