11:11 | 25.06.09 | Նորություններ | 4057

«ԱրմենՏելը» շեշտը դնում է բաժանորդային բազայի որակի վրա

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր «ԱրմենՏելին» «ձեռնտու է պահպանել ակտիվ բաժանորդների բազան եւ անջատել չխոսողներին»:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին «ՌԲԿ Դեյլի» թերթի հետ հարցազրույցում ասել է «ՎիմպելԿոմ» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը:

«Մենք չենք ընկնում բաժանորդների թվի ետեւից. մեզ համար կարեւոր է բազայի որակը: Հայաստանում 7 մլն մարդ ապրում է երկրի սահմաններից դուրս` պարբերաբար գալով հայրենիք եւ ձեռք բերելով SIM քարտեր: Ճգնաժամի ընթացքում այդ գործընթացը դանդաղել է: Հայաստան մտնող դրամական միջոցների ծավալը կտրուկ նվազել է: Խստացել է նաեւ օրենսդրությունը` ներմուծվել է բաժանորդների անհատականացում, ինչը չկար, երբ մենք դեռ նոր էինք մտնում շուկա: Արդյունքում առանց անձնագրային տվյալների բաժանորդներն անջատվեցին: Բացի այդ, մենք ունենք լիցենզիոն վճարումներ բիլինգում գրանցված ցանկացած բաժանորդի համար: Այդ պատճառով այսօր ընկերությանը ձեռնտու է պահպանել ակտիվ բաժանորդների բազան եւ անջատել չխոսողներին»,- ասել է Դմիտրի Պլեսկոնոսը: