15:27 | 24.06.09 | Նորություններ | 3786

Ericsson-ը եւ Ucom-ը Հայաստանում կմատուցեն ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ

Երեւան /Մեդիամաքս/. Շվեդական հեռահաղորդակցային սարքավորումներ արտադրող Ericsson ընկերությունը եւ հայաստանյան Ucom ինտերնետ-պրովայդերը սկսում են Հայաստանում մատուցել ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Ucom-ում, Ericsson-ը Ucom-ին կտրամադրի IPTV համալիր լուծումը` ներառյալ GPON օպտիկամալուխային կապի տեխնոլոգիան:

Ucom-ում տեղեկացրել են, որ IPTV-ի միջոցով հեռուստադիտողները կարող են օգտվել նույն ինտերակտիվ հնարավորություններից, որոնցից օգտվում են իրենց համակարգիչների միջոցով:

“Հեռուստադիտողները կարող են օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են ուղիղ շփումը /չաթ/, վեբ հեռուստատեսությունը, դեպի սոցիալական մեդիացանցեր եւ մասնագիտացված բազմաֆունկցիոնալ պորտալ մուտքի հնարավորությունը, հեռուստատեսային հեռարձակման ալիքների, պատվերով տեսադիտման ծառայության, ծրագրերի էլեկտրոնային ուղեցույցի եւ անհատական ձայնագրման հնարավորությունը”,- բացատրել են Ucom-ում:

Ընկերությունում հայտնել են, որ ծառայությունը հիմնված է օպտիկամանրաթելային հասանելիության ամենաարդի տեխնոլոգիայի վրա` հայտնի Gigabit Passive Optical Network անվանմամբ (Գիգաբիտային պասիվ օպտիկական ցանց` “GPON”), որը մատակարարվելու է Ericsson ընկերության կողմից: GPON-ը թույլ է տալիս դիտել մի քանի HDTV ալիք եւ միաժամանակ մեծ ֆայլեր բեռնել ինտերնետից առանց հեռուստատեսային հեռարձակումն ընդհատելու:

Ucom-ում հայտնել են, որ նոր տեխնոլոգիայի ներդրումը մեկնարկելու է այս տարվա հուլիս ամսից:

“Մենք հպարտանում ենք նրանով, որ մեր ընկերությունը Հայաստանում գործող օպերատորներից առաջինն է առաջարկելու IP հեռուստատեսության ծառայություններ: Համոզված ենք, որ այդ ծառայությունը պահանջարկ կվայելի մեր բաժանորդների կողմից. այդ իսկ պատճառով էլ մենք ընտրեցինք նորագույն տեխնոլոգիաների ոլորտում առաջատարին` Ericsson-ին”,- նշել է Ucom-ի նախագահ Հայկ Եսայանը:

Կենտրոնական Ասիայում Ericsson-ի նախագահ Յան Քեմբլի խոսքերով, “մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ucom-ի հաճախորդները կարողանան վայելել իսկապես անհատականացված, ինտերակտիվ եւ բարձրակարգ հեռուստատեսություն”: