Լուսանկարում ձախից` Ժակլին Կարաասլանյան
16:29 | 24.06.09 | Նորություններ | 3510
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Երեւանում ներկայացրել է “Լույս” հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժակլին Կարաասլանյանին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարչապետը նշել է, որ Ժակլին Կարաասլանյանը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է բաց մրցույթի արդյունքում, մշակել է “Լույս” բարեգործական հիմնադրամի կրթական գործունեության հայեցակարգը:
Կրթական ծրագրի 2009թ. բյուջեն կազմում է 400 մլն դրամ, որը կարող է ուղղվել աշխարհի լավագույն բուհերում 10-15 ՀՀ քաղաքացիների ուսուցման համար վճարելուն:
Ձեւավորվել է “Լույս” հիմնադրամի կրթական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը եւ “Այբ” կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայր Մեսրոպ Արամյանը: Վարչապետը հիշեցրել է, որ “Լույսը” գործում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջիկայում ձեւավորվելու է հիմնադրամի կրթական ծրագրի թիմը, որն օպերատիվ կերպով պատասխանելու է բոլոր հայտերին եւ առաջարկություններին:
Ժակլին Կարաասլանյանն ասել է, որ www.luys.am կայքում ներկայացված է այն արտասահմանյան ուսումնական հաստատությունների ցուցակը, որոնց ուսանողները կարող են հավակնել “Լույս” հիմնադրամի ֆինանսական օժանդակությանը: Այս տարվա ֆինանսավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: