14:58 | 21.05.09 | Նորություններ | 3869

“Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է բաժանորդների հաշիվների լիցքավորման նոր համակարգը

Երեւան /Մեդիամաքս/. “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ներկայացրել է բաժանորդների հաշիվների վերալիցքավորման նոր համակարգը:

Նոր համակարգը թույլ է տալիս հաշիվը վերալիցքավորել առանց քարտ ձեռք բերելու` “Վիվասել-ՄՏՍ”-ի ցանկացած գրասենյակում, ինչպես նաեւ 911 դեղատների ցանցում, Nokia խանութներում եւ “Պրես Ստենդ” կրպակներում:

Բաժանորդը պետք է նշի այն գումարը, որով ցանկանում է լիցքավորել իր հաշիվը, եւ վճարի այն: Հաշվի լիցքավորման նվազագույն գումարը 50 դրամ է, իսկ կանխավճարային քարտի վրա առավելագույն մնացորդը` 90 հազ. դրամ:

Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունը մտադիր չէ սահմանափակվել ձեռք բերածով եւ ձգտելու է 2 շաբաթը մեկ բաժանորդներին նոր ապրանքատեսակներ ներկայացնել: Նա նաեւ խոստացել է ավելի հաճախ հանդիպել ԶԼՄ-ների ներկայացոցիչների հետ եւ նրանց տեղեկացնել ընկերության գործունեության մասին:

“Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ ընկերության շահույթը 2008 թվականին կրճատվել է 12.5-13%-ով, նման ցուցանիշներ են արձանագրվել նաեւ 2009թ. առաջին եռամսյակում: Սակայն, Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, դեռեւս վաղ է վերջնական ենթադրություններ անել եւ արժե սպասել տարեվերջին: