14:14 | 14.05.09 | Նորություններ | 3838

ՀՀ կառավարութունը ծրագրում է հարկային հաշվետվությունների տրամադրման օն-լայն համակարգի փուլային ներդրում

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Պետական եկամուտների կոմիտեում էլեկտրոնային համակարգի ներդրման օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը թույլ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին հարկային հաշվետվություններ ներկացնել on-line ռեժիմով:

Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում ասել է կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, “փոփոխությունների նպատակը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է եւ հարկատուների ժամանակի տնտեսումը”:

Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ հարկային մարմինների հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո հարկատուները 1 օրվա ընթացքում կստանան մուտքաբառ եւ գաղտնաբառ էլեկտրոնային կառավարման համակարգում, ապա` էլեկտրոնային ստորագրություն:

Գագիկ Խաչատրյանն ասել է, որ առաջին փուլում (2009թ. հոկտեմբեր) էլեկտրոնային համակարգի սպառողներ կդառնան բանկերը, վարկային եւ վճարահաշվարկային կազմակերպութունները, ներդրումային ընկերությունները, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները, երկրորդ փուլում (2010թ. փետրվար)` պետական կառավարման հաստատությունները, պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 100 մլն դրամը: 

Մյուս հարկատուների համար ծրագրի ներդրումը կսկսվի 2010թ. ամռանը:

Ծրագրի ներդրման համար կառավարությունն արտաբյուջետային միջոցներից հատկացրել է 180 մլն դրամ, ծրագրի ֆինանսավորման համար կհատկացվեն նաեւ Զարգացման ասիական բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցները:

Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ նմանատիպ ծրագիր է ներդրվելու նաեւ մաքսային ոլորտում: