14:51 | 23.04.09 | Նորություններ | 4491

SiteMax-ը գործարկել է Voice.am ժամանցային կայքէջը

Երեւան /Մեդիամաքս/. “SiteMax” ինտերնետային դիզայնի ստուդիան հայտարարել է ինտերնետային եւ բջջային տեխնոլոգիաները համակցող Voice.am նոր ժամանցային նախագծի գործարկման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում տեղեկացրել է “SiteMax”-ի տնօրեն Անդրեյ Վանյանը, նախագիծը հնարավորություն է տալիս ձայնային բացիկներ եւ կատակներ ուղարկել: Ուղարկողն ընտրում է իրեն դուր եկած բացիկը` այն նախօրոք լսելով Voice.am կայքում, համապատասխան դաշտում լրացնում է ստացողի բջջային կամ ֆիքսված հեռախոսահամարը, որից հետո ստանում է միանվագ կոդ: Կոդը 1077 կարճ համարին ուղարկելուց հետո համակարգի կողմից ձայնային բացիկը պարունակող զանգ է կատարվում նշված համարին: 

Համակարգը մշակվել է ինտերնետային մշակումների նորագույն տեխնոլոգիաների եւ բջջային ավտոմատացված համակարգերի օգտագործմամբ, ինչը զանգահարելու հնարավորություն է տալիս ինչպես կայքից, այնպես էլ բջջային հեռախոսից: 

Ձայնային բացիկները կարող են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի բաժանորդների կողմից ուղարկվել աշխարհի 40 երկրներ:

SiteMax-ի տեխնիկական գործընկերներն են “Մոբբիս” ընկերությունը, “Միքս-Մեդիա” եւ “Սքեյթ-Ստուդիո” ձայնային ստուդիաները: