14:47 | 23.04.09 | Նորություններ | 4299

Ե՞րբ ՀՀ ֆիքսված կապի շուկա դուրս կգան նոր օպերատորներ

Երեւան /Մեդիամաքս/. Համարային շարքեր եւ ոչ աշխարհագրական կոդեր ստացած նոր օպերատորներն ազատ են ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մատուցելու տեխնոլոգիաների ընտրության հարցում:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը: Նրա խոսքերով, այդ հարցում հանձնաժողովը չեզոք դիրք է զբաղեցրել եւ լարային կամ անլար տեխնոլոգիաների ընտրության իրավունքը թողնում է ընկերություններին:

Միաժամանակ, Գեւորգ Գեւրոգյանը հայտնել է, որ համարային շարքերի տրամադրման եւ օգտագործման կարգի համաձայն` կարգավորողը լիցենզավորված անձանց համար ամրագրել է միասնական չափանիշ. ընկերությունները պարտավոր են մեկ տարվա ընթացքում սկսել ֆիքսված կապի ծառայություններ մատուցել եւ օգտագործել իրենց համարային ռեսուրսի 60 տոկոսը: Հակառակ դեպքում հանձնաժողովն իրավունք ունի ետ կանչել չօգտագործված մասը: 

Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ նոր օպերատորները կարող են ծառայություններ մատուցել “ԱրմենՏել” եւ “Վիվասել-ՄՏՍ” ընկերությունների հետ փոխկապակցման պայմանագրեր կնքելուց հետո: Հանձնաժողովը սահմանել է երկամսյա ժամկետ առաջատար օպերատորների եւ նոր ընկերությունների միջեւ բանակցությունների համար, եւ եթե կողմերը սահմանված ժամկետում համաձայնության չգան, վեճերը կլուծվեն ՀԾԿՀ-ի միջնորդությամբ:

ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ մինչեւ տարեվերջ ՀՀ ֆիքսված կապի շուկայում անպայման նոր խաղացողներ կհայտնվեն:

“ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ փոխկապակցման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են:

“Մենք շարունակում ենք բանակցային գործընթացը նոր ընկերությունների հետ: Բոլոր հարցերի ճշգրտման համար մենք դեռ մեկ ամիս ունենք”,- նշել է Անուշ Բեղյոլանը:

“Web” ԲԲԸ տնօրեն Ալբերտ Տոնեյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ ընկերությունը մտադիր է բնաժանորդներին հեռախոսակապի ծառայություններ մատուցել ինտերնետային կապի միջոցով եւ ներկայումս վերահագեցնում է իր ցանցը: Նրա խոսքերով, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կավարտվեն լայնաշերտ ինտերնետի ներդրման աշխատանքները, եւ ընկերությունը նախատեսում է սպասարկել 1000-2000 բաժանորդի: 

Ալբերտ Տոնեյանն ասել է, որ ընկերությունը “ԱրմենՏելի” հետ փոխկապակցման մասին պայմանագրի կնքման ուղղությամբ դեռեւս բանակցություններ չի սկսել: Նրա խոսքերով, քանի որ ՀԾԿՀ-ն սահմանել է խաղի հստակ կանոններ, ապա հնարավոր դժվարությունները կրելու են “զուտ արհեստական բնույթ”:

Bionet-ի տեխնիկական տնօրեն Մարտին Պետրոսյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում “առեւտրային գաղտնիք” է անվանել հեռախոսակապի ծառայությունների մատուցման իրենց տեխնոլոգիան: Նրա խոսքերով, իրական ապրանքը կներկայացվի 2009 թվականի վերջին:

Arminco-ի տեխնիկական տնօրեն Գրիգորի Սաղիյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ ընկերությունը պատրաստ է հեռախոսակապ տրամադրել “թեկուզ վաղը”, սակայն դրա համար առկա են որոշ խոչընդոտներ: Նրա խոսքերով, ՀԾԿՀ-ն մինչ օրս չի տրամադրել International Signalling Point Codes (ISPC)` ազդանշանային համակարգի միջազգային կետի կոդը, եւ “ԱրմենՏելը” գրավոր եղանակով հրաժարվել է փոխկապակցման պայմանագիր կնքել:

Գրիգոր Սաղիյանը նկատել է, որ “Վիվասել-ՄՏՍ” բջջային օպերատորը ցանկացած պահի պայմանագիր կնքելու պատրաստակամություն է հայտնել: Նա դժվարացել է նշել ֆիքսված կապի շուկա Arminco-ի մուտքի ժամկետը, “քանի որ “ԱրմենՏելը” անելու է ամեն ինչ, որպեսզի նոր օպերատորները շուկա դուրս չգան”:

Նա տեղեկացրել է, որ Arminco-ն հեռախոսակապի ծառայություններ է մատուցելու SIP (Session Initiation Protocol) տեխնոլոգիայի հիման վրա:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Գրիգորի Սաղիյանի խոսքերը` “ԱրմենՏելի” իրավաբանական տնօրեն Դավիթ Սանդուխչյանն ասել է, որ “Արմինկոն” իսկապես “ԱրմենՏելին” միացման վերաբերյալ հարցում է ուղղել, սակայն նրա առաջարկած տեխնիկական պայմանները չեն համապատասխանել համարայնացման ոչ աշխարհագրական կոդերին հեռախոսագծերի միացման “ԱրմենՏել” ՓԲԸ-ում ընդունված փորձին”: