11:59 | 23.04.09 | Նորություններ | 3078

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի զարգացման նպատակով ստեղծվելու է Միջազգային փորձագիտական հանձնախումբ

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետագա համագործակցության զարգացման հարցեր է քննարկել է ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սիսակյանի եւ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական տնօրեն Յուրի Հովհաննիսյանի հետ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Հայաստանում Միջուկային բժշկության կենտրոնի, Դիլիջան քաղաքում Միջազգային գիտակրթական եւ տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի /ԵՖԻ/ հեռանկարային զարգացմանն ուղղված նախագծերը:

Նշվել է, որ ԵՖԻ զարգացման նախագծի իրականացման նպատակով նախատեսվում է ստեղծել Միջազգային փորձագիտական հանձնախումբ` Յուրի Հովհաննիսյանի նախագահությամբ, որի կազմում կընդգրկվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հեղինակավոր գիտական կենտրոնների անվանի գիտնականներ:

ՀՀ վարչապետը եւ գիտնականները պայմանավորվել են նաեւ Երեւանում միջազգային գիտական համաժողով հրավիրելու վերաբերյալ, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանում ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի հետագա զարգացումը: