17:50 | 21.04.09 | Նորություններ | 3594

“ԱրմենՏելը” թվայնացման համար ներդնելու է $ 200 մլն եւ իջեցնելու է GPRS-ի թրաֆիքի սակագները

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ մարզերի թվայնացումն առաջնահերթ խնդիր է “ԱրմենՏելի” համար, այսօր Երեւանում հայտարարել է ընկերության վաճառքների գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, նա նշել է, որ այս տարի ընկերությունը շարունակելու է ներդրումների մեծ մասն ուղղել ֆիքսված կապի հեռախոսագծերի թվայնացմանը: Նրա խոսքերով, ներդրումների ընդհանուր ծավալը թվայնացման ուղղությամբ կազմելու է  $ 200 մլն:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հարցին` “ԱրմենՏելի” մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը անհամաձայնություն է հայտնել այն մտքի հետ, որ թվայնացման հետ կապված հարցերի նկատմամբ ուշադրության մեծացումը կապված է նոր օպերատորների` շուտով շուկա մտնելու հետ: Նրա խոսքերով, “մեր ընկերությունը միշտ ձգտում է բաժանորդներին տրամադրել կապի լավագույն որակ”:

Գենադի Կալգաշկինը նաեւ ասել է, որ “ԱրմենՏելը” հատուկ ուշադրություն է դարձնում ինտերնետ հասանելիությանը, եւ հիշեցրել է, որ Hi Line ծառայությունն արդեն հասանելի է Հայաստանի 18 քաղաքներում:

“ԱրմենՏելի” վաճառքների գծով տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկայում ընկերությունը մտադիր է իջեցնել GPRS-ի եւ WAP-ի թրաֆիքի սակագները: Նա նաեւ նշել է, որ ներկայուսմ աշխատանքներ են ընթանում Beeline-ի եւ “Վիվասել-ՄՏՍ”-ի 3G ցանցերի փոխմիացման ուղղությամբ: