13:04 | 20.04.09 | Նորություններ | 3989

ՀԾԿՀ-ն հաստատել է “ԱրմենՏելի” այլընտրանքային սակագնային պլանները ֆիքսված կապի բաժանորդների համար

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) այլընտրանքային սակագնային պլանները ֆիքսված կապի բաժանորդների համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ այլընտրանքային սակագնային պլանները մատչելի են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Նրա խոսքերով, “ԱրմենՏելն” իր բաժանորդներին առաջարկում է ընտրել իրենց առավել հարմար սակագնային պլանը, որը թույլ կտա կրճատել ֆիքսված կապի ծախսերը:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ողջունել է “ԱրմենՏել” ընկերության այդ որոշումը` նշելով, որ ընկերությունը պետք է լայն գովազդային քարոզարշավ անցկացնի, բաժանորդներին տեղեկացնի նոր առաջարկությունների բոլոր մանրամասներին, որպեսզի խուսափի “կողմնակի արդյունքից”:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հարցին` “ԱրմենՏելի” իրավաբանական ծառայության պետ Դավիթ Սանդուխչյանն ասել է, որ այլընտրանքային սակագնային պլանների մասին գաղափարը ծագել է ֆիքսված կապի նոր օպերատորներին արտոնագրեր տրամադրելու մասին հանձնաժողովի որոշումից ավելի վաղ: 

“Մենք փորձում ենք ավելի հարմարավետ պայմաններ ապահովել մեր բաժանորդների համար”,- ընդգծել է Դավիթ Սանդուխչյանը:

“ԱրմենՏելի” այլընտրանքային սակագնային պլանների մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են այստեղ: