Դավիթ Յանը
17:30 | 09.04.09 | Հարցազրույցներ | 4985
ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am կայքին
Դավիթ Յանը ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: ABBYY-ն ստեղծել է այնպիսի հայտնի ծրագրեր, ինչպիսիք են Lingvo-ն եւ FineReader-ը: Այսօր աշխարհի 138 երկրներում կիրառվում են 10 լեզվական ուղղություններով 128 լեզվական բառարաններ, իսկ յուրաքանչյուր երկրորդ սկաները համալրված է տեքստի ճանաչման FineReader ծրագրով:
Դավիթ Յանը ծնվել է 1968թ. հունիսի 3-ին Երեւանում: 1992թ. նա ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի /ՄՖՏԻ/ ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը: Լինելով ՄՖՏԻ-ի չորրորդ կուրսի ուսանող` Դավիթը հիմնել է իր առաջին ընկերությունը` BIT Software-ը, որը հետագայում վերանվանվել է ABBYY:
Դավիթ Յանը “Այբ” ակումբի եւ հիմնադրամի հիմնադիրներից: “Այբը” նախատեսում է Երեւանում ստեղծել Ayb Learning Hub (ALH) կրթական կենտրոնը:
Դավիթ Յանը համաձայնել է զրուցել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ ՀՀ-ում IT-ի հեռանկարների շուրջ:
- Չնայած որ IT ոլորտն արդեն 10 տարի Հայաստանում առաջնահերթ է համարվում, իրական արդյունքները դժվար է տպավորիչ անվանել: Համաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ տարեկան հաշվետվությունում 134 երկրների թվում Հայաստանը զբաղեցրել է 114-րդ տեղը “ցանցային պատրաստվածության ցուցանիշով”: Ի՞նչ է պետք անել խոսքից գործի անցնելու եւ Հայաստանում IT-ն իսկապես զարգացնելու համար:
- Ռուսաստանն, ի դեպ, այդ հաշվետվության մեջ զբաղեցրել է 74-րդ տեղը` զիջելով Ղազախստանին, Ուկրաինային եւ Բալթյան երկրներին: Դա, իհարկե, մի փոքր ավելի լավ է, քան 114-րդ տեղը, սակայն այնպիսի պետության համար, ինչպիսին Ռուսաստանն է, դա խայտառակ ցուցանիշ է: Այնպես որ, գոյություն ունեցող խնդիրները նման են:
Ի՞նչ է պետք է անել: Մի քանի օր առաջ ես հանդիպեցի ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչին: Մենք քննարկեցինք IT հեռանկարները առաջիկա 10-20 տարիներին. ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի դերը աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ, ի՞նչ պետք է անի կառավարությունը, որպեսզի Ռուսաստանը դառնա համաշխարհային նորարարական տերություն: Կարծում եմ, որ հնչած պատասխանները զգալի աստիճանով կարող են կիրառելի լինել նաեւ Հայաստանի համար:
Արկադի Դվորկովիչի հետ հանդիպմանը ես ներկայացրեցի մի զեկույց, որը կառուցված էր ապագայի տեխնոլոգիաների, այսպես կոչված, “հիթ շքերթների”` հատուկ վերլուծական հաշվետվությունների հիման վրա, որոնք պատրաստվել էին հայտնի ինստիտուտների եւ մեդիա կառույցների կողմից: Ռուսաստանն ու Հայաստանը իրական հնարավորություն ունեն իրենց պատշաճ տեղը գրավելու աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ: Հնարավորություն կա հիմքեր ստեղծել նորարարությւոնների համար: Փորձագետների կարծիքով, առաջիկա 10-20 տարիների ընթացքում մեր աշխարհը առանցայնորեն կփոխվի գենոմիկայի` մարդու գենոմի հետազոտության կողմից: Դա 80 տոկոսով աշխատանք է IT-ի, արհեստական ինտելեկտի ոլորտում: Հայաստանը կարող է նպատակ դնել եւ սկսել ներդրումներ կատարել այդ ոլորտի ուսուցման եւ կրթության ոլորտում, դասախոսների եւ պրոֆեսորների հրավիրել, ապահովել մի քանի լաբորատորիաների ստեղծումը: Շատ են Հայաստանից դուրս` համաշխարհային կենտրոններում գենոմիկայով զբաղվող հայերը: Նրանց պետք է հրավիրել եւ աշխատանքային պայմաններ ապահովել. դա կարող է դառնալ աճի եւ համախմբման հենակետը:
Մյուս հեռանկարային եւ հեղափոխական ուղղությունը, այսպես կոչված, cloud computing-ն է` տարբեր գործիքային եւ ծրագրային հարթակների համակցումը, երբ մեկ հավելվածի շուրջ աշխատում են ոչ թե 10-15 կամ 100-200 ինժեներներ, ի նկատի ունենալով կառավարման եւ տեխնոլոգիական բնույթի սահմանափակումները, այլ` տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանք կարող են տեղաբաշխվել տարածքային բաժանմամբ` աշխատելով ծրագրավորման տարբեր լեզուներով եւ հարթակներում: Դա կփոխի նաեւ հետագա հավելվածների եւ ծառայությունների լանդշաֆտը: Այստեղ Հայաստանը կարող է իր լուման ներդնել եւ մասնակցել այն ամենին, ինչը տեղի կունենա աշխարհում առաջիկա 15-20 տարիների ընթացքում:
- Այսինքն, IT-ն չի՞ կարող զարգանալ առանց գիտահետազոտական մշակումների անհրաժեշտ մակարդակի:
- Կարելի է զարգացնել նաեւ զուտ ինժեներային, կիրառական մասը: Դա կարող է լինել կարճաժամկետ եւ արագ զարգացում: Սակայն եթե թիրախը լինի 20 տարին, ապա զուտ կիրառական խնդիրներով սահմանափակվել չենք կարող: Պարտադիր չէ, որ գիտական հետազոտությունները կրեն գերֆունդամենտալ բնութ: Պարտադիր չէ միլիարդավոր դոլարներ արժեցող կոլայդերներ հիմնել:
Գիտական եւ ինժեներական դպրոցի, դասախոսական կազմի, ուժեղ ուսանողների խնդիրները փոխկապակցված են: Երբ մենք քննարկում էինք այդ հարցերը Դվորկովիչի հետ, հարցադրումներն ավելի ընդգրկուն էին. ուժեղ IT-ի կամ ինժեներական դպրոցի համար անհրաժեշտ են շատ ուժեղ ուսանողներ, որոնց էլ անհրաժեշտ են ուժեղ դասախոսներ: Վերջիններս, որպես կանոն, զբաղվում են իրենց հետազոտություններով: Մենք դա կարող ենք տեսնել Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի /ՄՏԻ/, ինչպես նաեւ աշխարհի այլ խոշորագույն բուհերի օրինակի վրա, որտեղ դասախոսներն իրենց մշակումներով զբաղվում են հենց համալսարանում, եւ դրա շուրջ հիմնվում է ուժեղ դպրոց:
Հայաստանում ժամանակին կար ուժեղ դպրոց, սակայն ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը ներկայումս շատ լուրջ ճգնաժամ են վերապրում` կապված կադրերի ծերացման եւ սերունդների միջեւ կապի խզման հետ: Գիտական հին դպրոցի ոչ բոլոր 65-75 տարեկան ներկայացուցիչներն են տիրապետում նոր տեխնոլոգիաներին, իսկ երիտասարդ դասախոսների մեծ մասն աշխատում է արտասահմանում: Դա շատ լուրջ խնդիր է:
- Հայաստանում տարածված է այն տեսակետը, որ IT-ի զարգացումը անհնար է առանց հարկային արտոնությունների: Դուք ի՞նչ եք կարծում:
- Դա իսկապես կարեւոր է: Եթե դուք ներդրողներին համոզեք, որ անհրաժեշտ է աշխատանք ծավալել հենց Հայաստանում, իսկ հետո պարզվի, որ այստեղ սոցիալական եւ աշխատավարձի հարկերը տվյալ ոլորտում բարձր են, ապա, իհարկե, ներդրումներ գտնելը զգալիորեն կբարդանա: Նորարարական եւ IT ոլորտներում ծախսերի 50-70 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձերին: Բացարձակ ճշմարիտ է, որ անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը: Սակայն դա միայն գործի մի մասն է: Եթե հարկային բեռի թեթեւացման պարագայում կրթության հարցը չի լուծվում, նշանակում է` ոչինչ չի արվել:
- “Այբ” հիմնադրամը կարո՞ղ է դերակատարում ունենալ ՀՀ-ում IT զարգացման մեջ:
- Մենք սկսել ենք ամենասկզբից` միջնակարգ կրթությունից: Սակայն մենք, իհարկե, չենք կարող անել ամեն ինչ: Այո, մենք կարծում ենք, որ կարող ենք օրինակ ծառայել մյուս կրթական նախագծերին: Բայց, միեւնույն է, մենք չենք կարող փոխարինել պետության ծրագրերը կրթության ոլորտում: Մենք մտածել ենք բուհերի համար հատուկ դասընթացների մասին, բայց դա ապագայի խնդիր է:
Պետք է հասկանալ, որ լավ նորարարական միջավայրի համար անհրաժեշտ են դասախոսներ, ուսանողների եւ ներդրողներ: Այդ ամենը պետք է դասավորվի աստիճանական հերթականությամբ. չի կարելի անել միայն մեկը: Կարելի է օրինակ վերցնել Իսրայելից կամ Ֆինլյանդիայից. այդ երկրների ելակետային դիրքերը ժամանակին համեմատելի էին այսօրվա հայաստանյան իրադրությանը: Նրանց հաջողվեց 20-30 տարվա ընթացքում դառնալ ուժեղագույն նորարարական եւ տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրներ: Հայաստանը միշտ հայտնի է եղել տաղանդներով: Դա “փազլի” այն ռեսուրսն ու այն մասն է, որը փողով չես գնի: “Փազլի” մնացած մասերը կհայտնվեն դրանով իսկապես լուրջ զբաղվելու դեպքում: Եթե լինի իրական ցանկություն, կլինի նաեւ արդյունք: