13:46 | 30.03.09 | Նորություններ | 3936

“ԱրմենՏելը” կողմ է ՀՀ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ “տեխնոլոգիական անջրպետի” հաղթահարմանը

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ ՀՀ Ագրարագյուղացիական միությունն այսօր հուշագիր են ստորագրել ռազմավարական համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը ասել է, որ փաստաթուղթը նախատեսում է կազմակերպությունների համագործակցություն ծառայությունների, տեխնոլոգիական ու սոցիալական ոլորտներում: Համագործակցության առաջին փուլում “ԱրմենՏելը” ֆերմերներին կտրամադրի տարբեր հեռահաղորդակցային, այդ թվում նաեւ համակցված ծառայություններ:

Միության ղեկավար Հրաչյա Բերբերյանը ասել է, որ գյուղարտադրողները կտրված են իրական շուկայից եւ չեն մասնակցում գնագոյացման ու վաճառքի գործընթացին: Նրա խոսքերով, ՙԱրմենՏելի՚ հետ համագործակցության շնորհիվ ֆերմերները հնարավորություն կունենան գործընկերային կապեր հաստատել միմյանց, ինչպես նաեւ հնարավոր գնորդների հետ: 

Հրաչյա Բերբերյանը տեղեկացրել է, որ նախնական փուլում Շիրակի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի գյուղերում կստեղծվեն ինտերնետային ուսումնական ակումբներ:

Նեյչո Վելիչկովը ընդգծել է ՀՀ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ “տեխնոլոգիական անջրպետի” հաղթահարման կարեւորությունը: Նրա խոսքերով, ՀՀ մարզերի զարգացումը “ԱրմենՏելի” հիմնախնդիրների թվում է:

“Բջջային, ֆիքսված եւ ինտերնետային կապերի հարմարավետ ծառայությունները, ներֆերմերային համայնքի հարաբերությունների ամրապնդումը, բջջային անվտանգության մասին գյուղերի բնակչության տեղեկացվածության եւ գրագիտության բարձրացումը. այս ամենում մեր ընկերությունը կարող է զգալի դերակատարում ունենալ”,- հայտարարել է Նեյչո Վելիչկովը:

2009 թվականին “ԱրմենՏելը” մտադիր է նաեւ զբաղվել սահմանամերձ դպրոցների գրադարանների համալրմամբ, ինչպես նաեւ կյանքի կոչել մի շարք կրթական ծրագրեր: