14:39 | 27.03.09 | Նորություններ | 3602

ՀՀ-ն 134 երկրների թվում “ցանցային պատրաստվածության ցուցանիշով” զբաղեցնում է 114-րդ տեղը

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ տարեկան հաշվետվությունում 134 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 114-րդ տեղը “ցանցային պատրաստվածության ցուցանիշով” (Networked Readiness Index, NRI), որը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակը չափում է ըստ 67 չափանիշների:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտում շուկայական միջավայրի մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 120-րդ տեղը: Մասնավորապես, վենչուրային կապիտալի մատչելիությամբ ՀՀ-ն գտնվում է 130-րդ տեղում, ICT հատվածի պահանջներին երկրի ֆինանսական հատվածի համապատասխանությամբ` 107-րդ տեղում, նորագույն տեխնոլոգիաների մատչելիությամբ` 116-րդ տեղում եւ բարձր տեխնոլոգիական ապրանքատեսակների արտահանմամբ` 88-րդ տեղում:

Տվյալ վարկանիշում ըստ ինտերնետ պրովայդերների մրցակցության մակարդակի Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղերից մեկը (127-րդ տեղ):

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման օրենքների մակարդակով ՀՀ-ն 105-րդ տեղում է, իսկ մտավոր սեփականության պաշտպանության մակարդակով` 108-րդ:

Հայաստանը ցածր դիրքեր է զբաղեցնում նաեւ ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության որակի: Այսպես, մաթեմատիկայի եւ ճշգրիտ գիտությունների դասավանդման մակարդակով ՀՀ-ն գտնվում է 76-րդ տեղում, դպրոցներում ինտերնետի հասանելիությամբ` 103-րդ տեղում, իսկ համալսարանների եւ ICT հատվածի ընկերությունների միջեւ համագործակցությամբ` 116-րդ տեղում:

Բացի այդ, ՀՏՖ-ն ցածր է գնահատել երկրի կառավարության կողմից ICT հատվածի առաջնահերթ համարելու որակին (120-րդ տեղ):

Ադրբեջանը եւ Վրաստանը “ցանցային պատրաստվածության ցուցանիշում” զբաղեցրել են համապատասխանաբար 60-րդ եւ 88-րդ տեղերը: