13:54 | 25.03.09 | Նորություններ | 3817
Երեւան /Մեդիամաքս/. Չնայած ճգնաժամին, “Վիվասել-ՄՏՍ”-ը չի կրճատելու ծրագրերն ու ներդրումները հեռահաղորդակցային ոլորտում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հանդես գալով www.Itel.am ինտերնետային նախագծի գործարկմանը նվիրված մամլո ասուլիսում:
Ռալֆ Յիրիկյանը հերքել է ընկերության հարկային վճարումների ծավալի կտրուկ կրճատման մասին լուրերը: Նա նշել է, որ ընկերությունը բարեխղճորեն կատարում է իր հարկային պարտավորությունները, սակայն ծավալների մասին կարելի է խոսել միայն 2009թ. առաջին եռամսյակի արդյունքների ամփոփումից հետո:
“Վիվասել-ՄՏՍ”-ի ղեկավարը նշել է նաեւ, որ ընկերությունը չի նախատեսում աշխատակիցների թվի եւ աշխատավարձերի կրճատում: Նրա խոսքերով, տնտեսական իրավիճակի վարթարացման դեպքում “մենք ավելի զգուշորեն կմոտենանք մեր ծախսերին”:
Ռալֆ Յիրիկյանը հայտնել է նաեւ, որ առաջիկայում ընկերությունը չի վերանայելու իր ծառայությունների սակագները, եւ մոտ ժամանակներս սկսելու է 3G ցանցի առեւտրային շահագործումը: