13:27 | 25.03.09 | Նորություններ | 9726

“Մեդիամաքսը” ներկայացրեց Itel.am նախագիծը

Երեւան /Մեդիամաքս/. “Մեդիամաքս” լրատվական գործակալությունն այսօր Երեւանում ներկայացրեց իր նոր www.Itel.am (Advanced Armenia) ինտերնետային նախագիծը:

Նախագիծը ստեղծվել է որպես հարթակ` ՀՀ հեռահաղորդակցության, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների լուսաբանման ու ինտերակտիվ քննարկման համար:

Շնորհանդեսին մասնակցել են “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ “ԱրմենՏել” ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեղլոյանը:

Ռալֆ Յիրիկյանը ողջունել է “Մեդիամաքս” գործակալության նախաձեռնությունը:

“Ողջունում եմ այս կայքի ստեղծումը եւ ցանկանում, որպեսզի այն օրեցօր զարգանա: Շատ կարեւոր եմ համարում, որ կայքում տեղադրվի տեղեկատվություն ոչ միայն խոշոր ընկերությունների, այլեւ այդ ոլորտում գործող այլ կազմակերպությունների մասին”,- նշել է նա:

“Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենը հատկապես ընդգծել է www.Itel.am կայքում ընկերությունների ղեկավարների բլոգերի /օնլայն օրագիրների/ առկայությունը` նշելով, որ այդ գործիքը մարդկանց թույլ կտա տալ իրենց հուզող հարցերը եւ պատասխաններ ստանալ: “Այս կայքի շնորհիվ կապահովվի անմիջական կապը հանրության հետ, ինչը թույլ կտա մեծացնել բնակչության վստահությունը եւ մեր գործունեությունը դարձնել ավելի բաց ու թափանցիկ”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

“ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը հույս է հայտնել, որ www.Itel.am կայքի գործարկումը կնպաստի որակյալ հայալեզու ինտերնետային ռեսուրսների առկայության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ “վերլուծաբանների ընկերակցության” ձեւավորմանը:

www.Itel.am կայքը կազմված է երեք հիմնական բաժիններից.

- Մեդիամաքս-ի նորություններն ու հարցազրույցները IT, հեռահաղորդակցության եւ ինտերնետի ոլորտների վերջին զարգացումների մասին;
- կապի եւ ինտերնետ պրովայդերների ծառայությունների համեմատական նկարագրություն;
- բլոգեր, որոնք հատուկ Itel.am-ի համար վարում են խոշոր ընկերությունների ղեկավարները:

www.Itel.am կայքը Մեդիամաքս-ի կողմից այս տարի գործարկված երկրորդ ինտերնետային նախագիծն է: Փետրվարին կայացավ ՀՀ արժեթղթերի շուկային նվիրված www.Capitalmarket.am նախագծի շնորհանդեսը: Մեդիամաքս գործակալությանն են պատկանում նաեւ www.Banks.am (Ֆինանսական Հայաստան) եւ www.Auto.am (Ավտոմոբիլային Հայաստան) պորտալները:

Capitalmarket.Banks.am կայքը մշակվել է SiteMax ընկերության` ինտերնետային նախագծերի ստեղծման եւ առաջխաղացման գործում “Մեդիամաքսի” ռազմավարական գործընկերոջ կողմից: