13:44 | 24.03.09 | Նորություններ | 4629

EMERSON-ը դուրս է գալիս ՀՀ շուկա

Երևան /Մեդիամաքս/. Հայաստանյան «Րութ ԱյԹիԷսՓի» ընկերությունը դարձել է ՀՀ-ում EMERSON Network Power-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «Րութ ԱյԹիԷսՓի» ընկերության համահիմնադիր Հայկ Հովհաննիսյանն այսօր ասել է, որ EMERSON-ը աշխարհի խոշորագույն ընկերություններից է ցանցային ենթակառուցվածքների ոլորտում, եւ նրա մուտքը հայաստանյան շուկա մեծ քայլ է ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին:

EMERSON-ը Հայաստանում ներկայացնելու է շինությունների օդափոխման (HPAC) եւ հովացման համակարգեր (HPM), անընդմեջ սնուցման աղբյուրներ (UPS):

Հայկ Հովհաննիսյանը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, «Զվարթնոց» օդանավակայանի եւ ՀՀ առեւտրային բանկերի հետ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել EMERSON-ի սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ:

«Րութ ԱյԹիԷսՓի» ընկերությունը (տեղեկատվական տեխնոլոգիաների սերվիս պրովայդեր) հիմնադրվել է 2003 թվականին, հանդիսանում է ՀՀ-ում գործող ընկերություներին համալիր ցանցային լուծումների բաղադրիչների մատակարար: «Րութ ԱյԹիԷսՓին» համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են TYCO ELECTRONICS AMP NETCONNECT-ը, KNUERR-ը, HAGER TEHALIT-ը, FLUKE-ը:

EMERSON Network Power-ը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 30 երկրներում, մշակում եւ արտադրում է անխափան եւ տատանվող սնուցման համակարգերի, մալուխատարների, հովացման համակարգերի ամբողջ տեսականին` հեռահաղորդակցային, բժշկության եւ արդյունաբերության առավել պատասխանատու կիրառություների, ինչպես նաեւ հովացման մասնագիտացված համալիր համակարգերի ու հաշվիչ կենտրոնների էլեկտրասնուցման համար: 2008 թվականին վաճառքների ծավալը կազմել է $6,3 մլրդ: