13:47 | 25.03.09 | Նորություններ | 3943

“Վիվասել-ՄՏՍ”-ն ու “ԱրմենՏելը” շարունակում են բանակցությունները փոխմիացման նոր պայմանագրի կնքման շուրջ

Երեւան /Մեդիամաքս/. “Վիվասել-ՄՏՍ” ընկերությունը միշտ կողմ է առողջ մրցակցությանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հանդես գալով www.Itel.am ինտերնետային նախագծի գործարկմանը նվիրված մամլո ասուլիսում:

Նա այդ մասին ասել է` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո±ք “Վիվասել-ՄՏՍ”-ը եւ “ԱրմենՏելը” մտադիր չեն “համատեղել ջանքերը, որպեսզի խոչընդոտեն երրորդ օպերատորի մուտքը շուկա”:

Ռալֆ Յիրիկյանը կոչ է արել առաջնորդվել բացառապես “դրական եւ բարի մտադրություններով”: Նա ընդգծել է, որ եթե ընկերությունները զբաղվեն անազնիվ մրցակցությամբ, նրանք առաջին հերթին վնաս կհասցնեն բաժանորդներին: “Վիվասել-ՄՏՍ”-ի ղեկավարը բերել է Ռուսաստանի օրինակը, որտեղ շուկայում գործում են մի քանի խոշոր եւ ավելի փոքր օպերատորներ, եւ առկա է առողջ մրցակցություն:

“ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանն, իր հերթին, նշել է, որ “Վիմպելկոմ” ընկերությունների խմբում “մենք խոսում ենք ոչ թե մրցակիցների, այլ` շուկայի գործընկերների մասին”:

Պատասխանելով փոխմիացման (միջօպերատորային միացում) նոր պայմանագրի կնքման վերաբերյալ հարցին` Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ “ԱրմենՏելի”
հետ բանակցությունները շարունակվում են: Անուշ Բեղլոյանը նկատել է, որ տեղի են ունենում ակտիվ քննարկումներ եւ հույս է հայտնել, որ շուտով օպերատորները համաձայնության կգան: