14:06 | 01.04.25 | Նորություններ | 827

    Հայկական ՖԵՄԻՆՆՈ-ն ընդլայնվում է դեպի Լոս Անջելես

    Հայկական ՖԵՄԻՆՆՈ-ն պաշտոնապես բացել է իր լոսանջելեսյան մասնաճյուղը Գլենդելում։

    Հիմնադրված լինելով Հայաստանում՝ ՖԵՄԻՆՆՈ-ն գլոբալ շարժում է, որն աջակցում է կանանց հզորացմանը նորարարության, առաջնորդության եւ STEM ոլորտում (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) սահմանները հաղթահարելու միջոցով։ ՖԵՄԻՆՆՈ-ի առաքելությունն է կոտրել գենդերային ստերեոտիպերը եւ ստեղծել հնարավորություններ կանանց համար՝ աճելու եւ զարգանալու։ Լոսանջելեսյան նախաձեռնությունը ՖԵՄԻՆՆՈ-ի առաջին միջազգային պաշտոնական մասնաճյուղն է։

    «Հայաստանում անցած երեք փոխակերպող տարիներից հետո եւ արբանյակային միջոցառումներ անցկացնելով Սան Ֆրանցիսկոյում եւ Սիդնեյում՝ մենք շատ ոգեւորված ենք ՖԵՄԻՆՆՈ-ի ճամփորդությունն ուղղել դեպի Լոս Անջելես։ Սա հնարավորություն է՝ զարգացնելու տեղական հայկական տաղանդը եւ միաժամանակ ներգրավելու բազմազան համայնք՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց», - նշել է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր Սեդա Պապոյանը։

    Մեկնարկային միջոցառմանը հանդես են եկել ճանաչված բանախոսներ, ովքեր մեծ ներդրում ունեն թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում։

    Լոսանջելեսյան միջոցառման կարեւոր նորությունն էր ՖԵՄԻՆՆՈ-ի նոր նախաձեռնության՝ AI Girls-ի (ԱԲ Աղջիկներ) մեկնարկը՝ ուղղված Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս երիտասարդ աղջիկների հզորացմանը արհեստական բանականության ոլորտում։

    «Պատկերացրեք, որ աղջիկները սկսում են հասկանալ արհեստական բանականությունը (ԱԲ) դեռ միջնակարգ դպրոցում՝ հետագայում դառնալով ոչ միայն օգտվողներ, այլեւ ստեղծողներ ու որոշում կայացնողներ։ Սա է մեր տեսլականը AI Girls-ի պարագայում», - նշել է Սեդա Պապոյանը՝ հայտարարելով առցանց դրամահավաքի մեկնարկի մասին այս նախաձեռնությանը աջակցելու համար։

    Որպես կանանց եւ նորարարության եզակի հարթակ՝ ՖԵՄԻՆՆՈ-ն կառուցում է գլոբալ ցանց՝ տեղական մասնաճյուղերով՝ հրավիրելով բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով, առաջնորդությամբ եւ նորարարության հանդեպ, միանալու այս ընդլայնվող շարժմանը։