Reddit-ը հայտարարում է AI-ի վրա հիմնված որոնման բարելավումները, որոնք օգտատերերի համար ավելի հեշտ կդարձնի հարթակում «դժվար» հարցերի պատասխանները գտնելը։
Ընկերությունը նախատեսում է ինտեգրել Reddit Answers ֆունկցիան իր առկա որոնման մեջ, գրում է TechCrunch-ը։ 2024 թվականին, թեստային ռեժիմով, այն այցելուներին թույլ էր տալիս հարցեր տալ եւ ստանալ հատուկ ընտրված պատասխանների կարճ ամփոփումներ՝ հիմնված հարթակի տարբեր քննարկումների վրա:
Reddit-ի գործադիր տնօրեն Սթիվ Հաֆմանն ասել է, որ իրենք ցանկանում են օգտագործել 20 տարվա աշխատանքի ընթացքում իրենց կուտակած տվյալները: «Մենք սկսում ենք բացել դրա ներուժը Answers-ով եւ կշարունակենք զարգացնել այս պրոդուկտը», - ասել է նա:
Reddit-ն ակտիվորեն օգտագործում է AI-ն իր ծառայություններն զարգացնելու համար։ 2024 թվականին հարթակը ավելացրել է ավտոմատ թարգմանություն տասնյակ լեզուներով եւ սկսել փորձարկել որոնման էջերը, որոնք օգտագործում են AI՝ բովանդակությունն ամփոփելու եւ առաջարկելու համար:
2024 թվականի չորրորդ եռամսյակում օրական ակտիվ օգտատերերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 39%-ով՝ հասնելով 101,7 միլիոնի։ Չնայած դրան, ներդրողները դժգոհ էին արդյունքներից՝ հաշվի առնելով Google-ի ալգորիթմի փոփոխությունների ազդեցությունը, հայտնում է TechCrunch-ը:
Հաֆմանը վստահ է, որ որոնման բարելավումները կբարձրացնեն օգտատերերի ակտիվությունը, կօգնեն նոր անդամներին ավելի արագ հարմարվել եւ, որպես արդյունք, կավելանա ընկերության եկամուտը:
2024 թվականի օգոստոսին Reddit-ը հայտարարել էր, որ արգելափակելու է Bing-ի նման որոնողական համակարգերը առեւտրային համաձայնագիր չկնքելու դեպքում։
Հաֆմանն այնուհետեւ նշել է, որ նախկինում մուտքն անվճար էր, քանի որ օգտատերերը որոնողական համակարգերից անցնում էին սոցիալական ցանցի կայք, բայց այժմ խոսքը գնում է այս տվյալների վրա AI-ի ուսուցման, սեփական նպատակների համար տեղեկատվության վերավաճառման մասին: