12:53 | 12.02.25 | Նորություններ | 12998

    «Վիվա Արմենիա»-ն թողարկում է առաջին պարտատոմսերը 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով

    «Վիվա Արմենիա» ՓԲ Ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։

    «Վիվա Արմենիա»-ն թողարկել է դոլարային պարտատոմսեր` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

    Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները «Վիվա Արմենիա»-ն ուղղելու է վարկերի վերաֆինանսավորմանը, կապիտալ եւ ռազմավարական այլ ծախսերի իրականացմանը:  

    Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 7.65% (6 ամիս վճարման պարբերականությամբ), շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխումը կմեկնարկի 2025թ. փետրվարի 12-ին եւ կտեւի 90 աշխատանքային օր։

    «Պարտատոմսերի հրապարակային առաջարկը Viva-ի զարգացման տրամաբանական շարունակությունն է՝ հիմնված ընկերության բարձր շահութաբերության, դրամական կանխիկ հոսքերի կայունության, աճի տպավորիչ տեմպերի, բիզնես մոդելի արդյունավետության, տեխնոլոգիական նորարարության ու շուկայում զբաղեցրած առաջատար դիրքի վրա: Բացառիկ մրցակցային առավելությունները Viva-ին թույլ են տալիս մուտք գործել զարգացման նոր փուլ՝ անհատներին ու ինստիտուցիոնալ ներդրողներին հնարավորություն տալով մասնակցել Viva-ի ռազմավարական նախագծերի ֆինանսավորմանը գրավիչ պայմաններով: Վստահ ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում մենք կներգրավենք նոր ռեսուրսներ՝ էլ ավելի արագացնելու ընկերության աճի տեմպերը, կապիտալացնելու շուկայի հնարավորություններն ու գործելու ՏՀՏ ոլորտը զարգացնելու մեր առաքելությանը համահունչ»,- ասել է «Վիվա Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

    «Ուրախ ենք, որ 2025 թվականը սկսում ենք հայկական կապիտալի շուկայի համար հերթական կարեւոր նախագծով. հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Վիվա Արմենիա» ընկերությունը, վաղուց լինելով ցանկալի թողարկողների շարքում, շուկա է մուտք գործում բավականին համարձակ առաջարկի ծավալով։ Հաջողությամբ տեղաբաշխելուց հետո այս թողարկումը հավակնում է դառնալ ամենախոշորն արտարժութային պարտատոմսերի շուկայում: Նման առաջատար եւ ֆինանսապես կայուն ընկերության մուտքը Հայաստանի կապիտալի շուկա նշանակալի իրադարձություն է, եւ, անշուշտ, իր կարեւորագույն տեղն է ունենալու շուկայի զարգացման գործում»,- նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

    Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որեւէ մասնաճյուղ եւ լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձեւն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

    Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

    «Վիվա Արմենիա» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. հունվարի 22-ի Թիվ 1/17 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում: