Արեւային էներգիայով սնուցվող բազային կայանների թիվը հասել է 48-ի. 606 500 կՎտ*ժ էներգիա, 25 350 000 դրամի տարեկան խնայողություն։
Viva-ի ռազմավարության առանցքում հավասարապես կարեւոր են թե՛ բիզնես գործունեությունն ու առաջատարությունը, թե՛ կանաչ տեխնոլոգիաների կիրառումը:
Մինչեւ 2024 թվականի դեկտեմբեր կառուցվել է աշխատանքային տարբեր սկզբունքներով գործող 41 արեւային ֆոտովոլտային կայան: Տարեսկզբին գործարկվել է եւս 7 արեւային կայան՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 48-ի: Եղած արեւային կայանների զգալի մասն աշխատում է էլեկտրական բաշխիչ ցանցին զուգահեռ (on grid):
Տարածքի առանձնահատկություններից ելնելով՝ կան նաեւ անկախ աշխատող (off grid) արեւային կայաններ, որոնք մարտկոցային համակարգում կուտակում են արեւային վահանակների արտադրած էներգիան եւ այն սպառում եղանակային անբարենպաստ/ոչ արեւոտ ժամանակահատվածում:
Արագածոտնի մարզում հերթական արեւային կայանի գործարկմանը մասնակցել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Viva-ն առանձնահատուկ մոտեցում ունի «կանաչ» տեխնոլոգիաների կիրառման հարցում: Տարիներ շարունակ կատարած աշխատանքի վերլուծությունը եւ տարբեր ուղղություններով գերազանց ցուցանիշներ արձանագրելու փաստը թույլ են տալիս վստահորեն ասել, որ արեւային վահանակներով բազային կայանների կառուցումը շահավետ է բոլոր առումներով: Սա միայն նոր տեխնոլոգիաներ ներկայացնելու հնարավորություն չէ: Գլոբալ տաքացման խնդիրը մեղմելու տարբերակներից մեկը շրջակա միջավայրի պահպանության հարցն է՝ արտանետումների կրճատման ճանապարհով նաեւ: Իսկ երբ ավելացնում ենք տնտեսվող միջոցները՝ էլեկտրաէներգիայի ծախսերի նվազումն ու էներգետիկ անկախության շնորհիվ տարբեր վայրերում կապ ապահովելու հնարավորությունը, պատկերն ավելի է ամբողջանում: Ի վերջո, արեւային էներգիան վերականգնվող է եւ անսպառ: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք շարունակում ենք տարբեր մարզերում արեւային վահանակներով զինել մեր կայանները», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Հայաստանի տարբեր մարզերում տարիների ընթացքում կառուցված արեւային կայաններն ապահովում են բնապահպանական եւ էներգախնայող արդյունք: Նախորդ տարի 41 արեւային կայանն (438 կՎտ դրվածքային հզորությամբ) արտադրել է մոտավորապես 540 000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա: Գումարի տեսքով արտահայտելիս այդ խնայողությունը կազմում է մոտավորապես 22 միլիոն 600 հազար դրամ (առանց ԱԱՀ):
Viva-ի արեւային ֆոտովոլտային համակարգերի շահագործման արդյունքում կրճատվում է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալը, նվազում է հատվող ծառերի քանակն ու դիզելային վառելիքի օգտագործումը: 2024 թվականին արձանագրված տվյալներով խնայվել է 44 2 44 լիտր դիզելային վառելիք, մթնոլորտ չի արտանետվել 538 տոննա ածխաթթու գազ (CO2):
Միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն՝ խնայվել է այնքան թթվածին, որքան տարեկան կտրվածքով արտադրում է 29 435 ծառը։ Աշխատանքները շարունակվում են նաեւ 2025 թվականին: