14:07 | 11.02.25 | Նորություններ | 671

    Մեկնարկել է Ներուժ 6.0 ծրագրի հայտերի ընդունումը

    Մեկնարկել է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունումը։

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը եւ համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

    Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմ կհրավիրվի Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառումներին, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների եւ անհատական մենտորության հնարավորություններ:

    Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական եւ նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող`

    •    այն սփյուռքահայերը, որոնք առնվազն հինգ տարի եւ ավելի բնակվում են սփյուռքում եւ ունեն բնակության երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
    •    այն թիմերը, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքահայեր է, ովքեր անընդմեջ առնվազն հինգ տարի եւ ավելի ապրում են սփյուռքում եւ ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ.
    •    այն հայրենադարձները, որոնք հինգ տարի եւ ավելի ապրել են սփյուռքում եւ հայրենադարձվել են վերջին վեց ամսվա ընթացքում:

    «Ներուժ» ծրագրի շրջանակում Հայաստանում կկազմակերպվեն ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից, ինչպես նաեւ այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու եւ հաջողության հասնելու անհրաժեշտ գործիքներով զինելու համար:

    Միջոցառումները ներառում են սեմինարներ, պատկերավոր ներկայացման նիստեր (pitch sessions), ցանցային հնարավորություններ (networking opportunities), որոնք ուղղված են ստարտափի զարգացմանը:

    6-օրյա միջոցառումներից հետո միջազգային աքսելերատորը եւս մեկ ամիս կշարունակի աջակցել եւ սերտորեն համագործակցել հաղթող ստարտափների հետ։ Այդ ընթացքում ստարտափները կստանան համապատասխան մենտորություն, ռազմավարական խորհրդատվություն եւ մուտք դեպի ներդրողների եւ ոլորտի փորձագետների ցանց:

    Հաղթելու դեպքում «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ» անվանակարգերով կտրամադրվեն դրամաշնորհներ հետեւյալ չափերով.

    Գաղափարի փուլ՝

    •    1-ին տեղ՝ 15 մլն դրամ;
    •    2-րդ տեղ՝ 10 մլն դրամ;
    •    3-րդ տեղ՝ 5 մլն դրամ:

    Աճի փուլ՝

    •    1-ին տեղ՝ 30 մլն դրամ;
    •    2-րդ տեղ՝ 20 մլն դրամ;
    •    3-րդ տեղ՝ 10 մլն դրամ:

    Ամփոփիչ միջոցառումները տեղի կունենան 2025 թվականի հունիսի 16-21-ը:

    Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 30-ն է։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով:

    Հավելյալ տեղեկությունների համար այցելել https://neruzh.am/hy/ կայք։