11:37 | 11.02.25 | Նորություններ | 570

    Հայաստանը կհամագործակցի Mistral AI-ի հետ

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։

    Փետրվարի 10-ին Փարիզում ԲՏԱ նախարարության եւ Mistral AI ընկերության միջեւ համաձայնագիր է ստորագրվել։

    ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարեւոր գործոն է հզոր էկոհամակարգ ձեւավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին եւ կօգտագործի ԱԲ լուծումներն՝ առավել արդյունավետ եւ արագ կառավարում ապահովելու համար։

    Mistral AI ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մեսչն ընդգծել է, որ Հայաստանի ԱԲ էկոհամակարգը ծաղկում է, եւ հպարտ են, որ կարող են իրենց ԱԲ լուծումներով աջակցել Հայաստանի պետական կառավարման համակարգին, ստարտափներին եւ տաղանդներին:

    Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին եւ բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով Mistral AI ընկերության փորձառությունը առեւտրային եւ բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում:

    Փաստաթուղթը միտված է տեխնիկական աջակցության եւ գիտելիքների փոխանակման միջոցով ամրապնդել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգը, նորարարության ոլորտում գործունեություն ծավալողների համար ներդնել արհեստական բանականության հարթակ՝ բիզնես լուծումներ մշակելու համար եւ աջակցել ԱԲ գործիքների կիրառմանը կառավարման ու ծառայությունների մատուցման արդյունավետությունը խթանելու համար:

    ՀՀ կառավարության եւ արդյունաբերական ոլորտի համագործակցության շրջանակում Հայաստանի կառավարությունը կապահովի ենթակառուցվածքային եւ կարգավորող աջակցություն, իսկ Mistral AI-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ եւ կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։