11:45 | 11.02.25 | Նորություններ | 10814

    «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom

    «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom գլխամասային գրասենյակ, որտեղ հանդիպել են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։  

    Այցի ընթացքում Ռալֆ Յիրիկյանն ինտերակտիվ քննարկում է անցկացրել՝ խոսելով «Լավ առաջնորդություն եւ կառավարում» թեմայի շուրջ եւ կիսվելով հեռահաղորդակցության եւ բիզնես ոլորտներում իր մեծ փորձով: Մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել իրենց նախագծերը, առաջնորդության արդյունավետ ռազմավարությունների վերաբերյալ խորհուրդներ ստանալ եւ բիզնեսի կայուն աճի սկզբունքները քննարկել:

    Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է մենտորության կարեւորությունը առաջնորդների հաջորդ սերնդի ձեւավորման գործում.

    «Ուրախ եմ Ucom-ի գլխամասային գրասենյակում հանդիպել Ucom Fellowship ծրագրի ստարտափ թիմերի հետ, կիսվելու իմ փորձով, տեղեկանալու ինկուբացիայի ընթացքում նրանց առաջընթացի մասին եւ պատասխանելու նրանց հարցերին։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել շրջակա միջավայրի պահպանմանը եւ կանաչ ապագա ապահովել հաջորդ սերունդների համար»։

    «Ucom-ի հետ համագործակցությունը Ռալֆ Յիրիկյանի բացառիկ ղեկավարության ներքո լիովին համահունչ է կայուն նորարարությունը զարգացնելու մեր հանձնառությանը: Ռալֆի մարդակենտրոն մոտեցումը ոչ միայն լիովին համապատասխանում է մեր արժեքներին, այլեւ խորություն է հաղորդում մեր համատեղ ջանքերին՝ մեծացնելով մեր կարողությունը՝ աջակցելու հեռանկարային մտածողություն ունեցող գործարարներին, որոնք պատրաստ են իրենց հետքը թողնել շրջակա միջավայրի պահպանման գործում», - ասել է Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը։

    Ucom-ի հաղորդակցության թիմը նույնպես հանդիպել է ծրագրի մասնակիցների հետ եւ անցկացրել է «Լավ PR փորձ» թեմայով սեսիա, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է արժեքավոր փորձ՝ մեդիա հարաբերությունների, բրենդի դիրքավորման եւ ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ: Քննարկումը ստարտափ թիմերին տրամադրել է գործնական գործիքներ՝ խթանելու իրենց հաղորդակցության հմտություններն ու հանրային իրազեկում ապահովելու իրենց լսարանի շրջանում։

    Այս այցը «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի կարեւոր մաս է, որը վերահաստատում է Ucom-ի հանձնառությունը երիտասարդ տաղանդներին խրախուսելու եւ նրանց անհրաժեշտ գիտելիքներով եւ մենտորությամբ զինելու՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

    Թիմերը կշարունակեն մասնակցել անհատական դասընթացների, մենտորության սեսիաների եւ տարբեր համագործակցությունների։ Նախագծի ավարտին տեղի կունենա պաշտոնական միջոցառում, որի ժամանակ թիմերը կներկայացնեն իրենց մշակած պրոդուկտները, իսկ լավագույն նախագիծը կստանա ֆինանսական մրցանակ, որը կաջակցի նրա աճին եւ իրականացմանը: