12:16 | 25.09.24 | Նորություններ | 1508
Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 6-օրյա միջոցառման պաշտոնական բացումը։
Սփյուռքից ավելի քան 35 սփյուռքահայ ստարտափ Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու իր տեխնոլոգիական գաղափարները, զարգացնելու եւ վերածելու կայուն բիզնեսի հենց Հայաստանում։ Այս տարի ծրագիրն անցկացվում է հոբելյանական՝ 5-րդ անգամ:
Ծրագրին մասնակցելու համար այս տարի ստացվել է 20 երկրից 64 հայտ, ընտրվել է 28 ստարտափ` 16 երկրից` Ռուսաստան, Վրաստան, Լիբանան, Քուվեյթ, Հունաստան, Լատվիա, Չեխիա, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա:
«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը եւ համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Հաղթելու դեպքում «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ» անվանակարգերով կտրամադրվեն դրամաշնորհներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ծրագիրը կարեւոր է համարել սփյուռքի հետ կամուրջներ ստեղծելու եւ համահայկական ներուժը Հայաստանում կենտրոնացնելու համար, ընդգծել՝ «Ներուժ»-ին մասնակցելը շատերի համար շրջադարձային որոշում է լինելու՝ տեղափոխվել Հայաստան եւ ներդրում ունենալ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է այս տարվա նորամուծությունները։ Նա ընդգծել է «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի ներգրավումը ծրագրում, որը 6 օր շարունակ կաշխատի ծրագրի մասնակից ստարտափների հետ, իսկ միջոցառման ավարտից հետո մեկ ամիս կաշխատի ծրագրի հաղթող ստարտափների հետ: