18:08 | 31.05.24 | Նորություններ | 1909
Ինժեներական քաղաքում այսօր բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը»:
«Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը» հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի/ Պոլ Սաբատիե համալսարանի, ԱԹՈՍ (այժմ՝ Էվիդեն) ընկերության համագործակցությամբ։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը բացման խոսքում անդրադարձել է ոլորտում պետության առաջնահերթություններին եւ փաստել.
«Մենք ցանկանում ենք լավագույն հնարավորությունները ստեղծել բոլոր այն մարդկանց, գիտնականների ու ինժեներների համար, որոնք ցանկանում են ստեղծագործ աշխատանքով զբաղվել: Սա շատ կարեւոր է, որովհետեւ գիտնականը, որը չունի աշխատասենյակ, սարքավորումներ, համապատասխան ծրագրային ապահովում, գործնականում անհնար է, շատ դեպքերում, ունենալ համաշխարհային կարգի տպագրվող հոդվածներ ու ստեղծագործ աշխատանք: Նույնը վերաբերում է ինժեներներին, որոնք առանց սարքավորումների, առանց համապատասխան ենթակառուցվածքների չեն կարող ստեղծագործ աշխատանքով զբաղվել»:
«Հայաստանը ձգտում է դառնալ տեխնոլոգիական նորարար լուծումներով երկիր։ Նորարար լուծումներ, որ կառաջարկի ոչ միան սեփական ժողովրդին, այլեւ առհասարակ երկիր մոլորակին։ Եվ այստեղ կարեւոր է, որ այն ջանքերն ու այն քաղաքականությունը, որ ՀՀ կառավարությունն ու մասնավոր հատվածը համատեղ իրականացնում են՝ ստանալու մրցունակ տնտեսություն եւ հենց տեխնոլոգիական նորարար լուծումների միջոցով»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հատկանշական է, որ «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն»-ում տեղադրված գերհամակարգիչը լեգենդար Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչվել է «Ազնավուր»՝ խորհրդանշելով հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը։
Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնը հնարավորություն ունի շատ արագ կատարել բարդ հաշվարկներ եւ տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։
«Կենտրոնը խոշոր ներդրում է Հայաստանի ապագայի համար եւ լայն հնարավորություններ է ընձեռում գիտական նորարարության, արհեստական բանականության, ՏՏ ոլորտում։ Այս կենտրոնը ոչ միայն կընդլայնի մասնագետների հետազոտական կարողությունները, այլեւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, համաշխարհային գործընկերությունների ընդլայնմանը, կխթանի երկրի կայուն տնտեսական աճը։ Կենտրոնը եւս մեկ անգամ կամրապնդի Հայաստանի դիրքավորումը՝ որպես տեխնոլոգիաների եւ հետազոտությունների տարածաշրջանային առաջատար»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը: Նա կարեւորել է նաեւ նման մասշտաբային ծրագիր իրականացնելու գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունն ու իրականացված աշխատանքները։
«Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնն» այսօրվանից բաց է եւ պատրաստ է ծառայելու՝ որպես գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիական առաջընթացի կիզակետ:
Կենտրոնը կխթանի գիտահետազոտական եւ տեխնոլոգիական ոլորտների զարգացումը՝ մասնագետներին ապահովելով ժամանակակից հետազոտություններ կատարելու եւ բարդ ու համալիր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսներով: «Հայաստանում ազգային գերհամակարգչային կենտրոնը» նշանակալի դեր կխաղա Հայաստանի գիտելիքահենք տնտեսության առաջխաղացման գործում: