18:04 | 31.05.24 | Նորություններ | 14143

Վիվա-ՄՏՍ-ի «Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) թիրախային ծրագրեր են իրականացնում բնապահպանական խնդիրներ լուծելու ուղղությամբ:

Ֆերմերներին աջակցելու համար գործընկեր կազմակերպությունները կանաչ տեխնոլոգիաներ են կիրառում. վայրի կենդանիներին դիմավորում են «էլեկտրական հովիվները»:

Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին:

Տրամադրված 20 «էլեկտրական հովիվներից» յուրաքանչյուրը կարող է «հսկել» 1 հա տարածք: Այս մարզում դրա հրատապությունը հավաստող բազմաթիվ փաստեր կան. տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետեւանքով թե՛ մեղվափեթակներ, թե՛ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Ֆերմերային այն տնտեսությունները, որոնք օգտվել են նոր տեխնոլոգիաներով աշխատող, արեւային էներգիայով սնուցվող «հովվի» ծառայությունից, հետագա տարիներին արջերի ներխուժման դեպքեր չեն արձանագրել: Նրանց հաջողվել է բերքը պաշտպանել կենդանիներից՝ առանց վերջիններիս վնասելու:

«Կանաչ տեխնոլոգիաները մարդկությանն ու բնությանը ծառայեցնելը մեզ համար ռազմավարական մոտեցում է: Դա թույլ է տալիս լուծել շատ հարցեր: Մասնավորապես՝ նպաստել կայուն զարգացմանը, կրճատել բնապահպանական ռիսկերը, զարգացնել ֆերմերային տնտեսությունները եւ այդ ամենը՝ արեւային էներգիայով աշխատող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Կանաչ մտածողությունը դարի հիմնական եւ կարեւոր պահանջներից է դարձել: Սա մի ծրագիր է, որի արդյունքը երկարաժամկետ է եւ անգնահատելի: Ուրախ եմ մեր գործընկերների հետ անցած ճանապարհի եւ տարբեր վայրերում արձանագրվող հաջողությունների համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Կայուն եւ կանաչ ապագա ունենալու ցանկությունը Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերը միավորել է 2019 թվականից: Արենի, Եղեգիս, Վայք, Գլաձոր եւ Եղեգնաձոր համայնքներին նվիրաբերվել է «էլեկտրական հովիվների» 10 համակարգ:

Հետագա տարիներին գործընկեր կազմակերպություններն ավելացրել են տրամադրվող աջակցության ծավալը՝ ծրագրում ընդգրկելով նաեւ Արարատի մարզը: Մինչեւ 2023 թվականը տրամադրվել է 30 «էլեկտրական հովիվ»: Տրամադրված վերջին խմբաքանակի շնորհիվ «էլեկտրական հովիվներից» կարող է օգտվել եւս 20 ֆերմեր: Գործընկեր կազմակերպությունների համատեղ ծրագրի շրջանակում 2019 թվականից կանաչ տեխնոլոգիաներով աշխատող «էլեկտրական հովիվների» թիվը հասել է 50-ի: Դրանցով ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 475.000 քառակուսի մետր:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, բայց տհաճություն զգալով՝ դադարում են մոտենալ ցանկապատված տարածքներին: