14:30 | 27.05.24 | Նորություններ | 1133

Հայտնի են «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթի հաղթողները

Մայիսի 25-ին կայացել է «Այլագիր» գիտահեն կոդավորման առաջին մրցույթը։

Նման ձեւաչափով մրցույթ Հայաստանում իրականացվել է առաջին անգամ, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 30 թիմ. եզրափակիչ փուլում հանդես է եկել 14 թիմի ներկայացուցիչ:

Մասնակիցները մրցել են հետեւյալ անվանակարգերում՝

•    Մեքենայական ուսուցման տարրեր SNAP միջավայրում,
•    Բնագիտական Գրաֆիկներ SNAP միջավայրում,
•    Ֆիզիկայի երեւույթներ Python լեզվով։

Մրցույթում ներկայացված աշխատանքները ստեղծվել են Snap! եւ Python ծրագրավորման լեզուներով։

«Մեքենայական ուսուցման տարրեր SNAP միջավայրում» անվանակարգում հաղթել են Անդրանիկ Մերգերյանն ու Արփինե Գասպարյանը Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցից «Image Classifier» նախագծով։ Նույն անվանակարգի մասնակից Հակոբ Թամրազյանը Մուսալեռի միջնակարգ դպրոցից ստացել է խրախուսական մրցանակ «Ճամփեզրի ծառատունկ» նախագծով։

«Բնագիտական Գրաֆիկներ SNAP միջավայրում» անվանակարգում հաղթել են Միսակ Գրիգորյանն ու Մելսիկ Խուդավերդյանը Մուսալեռի միջնակարգ դպրոցից «Բնագիտական գրաֆիկներ եւ դրանց ձեւափոխությունները» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել Ռուզաննա Բադալյանն ու Անահիտ Կնյազյանը Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցից «TREE FOR LIFE» նախագծով։

«Ֆիզիկայի երեւույթներ Python լեզվով» անվանակարգում հաղթել է Էրիկ Զադոյանը, Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից «HandSense» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել Զավուր Այվազյանն ու Մանվել Գրիգորյանը Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից «Գլոբալ տաքացում» նախագծով։

Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են նվերներ մասնագիտական գրքերի, էլեկտրոնիկական սարքերի տեսքով։ Հատուկ մրցանակի են արժանացել Ռանչպարի միջնակարգ դպրոցից Ալեքս Համբարձումյանն ու Արամ Աղաբեկյանը՝ ուղեւորություն «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբար, որը կանցկացվի հունիսին, Գյումրիում «Անտրոհուս» կրթական հիմնադրամի եւ «ՄԻՏ» կրթական կենտրոնի գործընկերությամբ։

Մրցույթը կազմակերպել էին «Անտրոհուս» կրթական հիմնադրամը «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպության հետ։