12:27 | 27.05.24 | Նորություններ | 12486

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է «Արեւորդի» 12-րդ միջազգային փառատոնը

Մայիսի 24-ին Ucom ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Արեւորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն նվիրված է կենսաբազմազանության պահպանությանը:

Փառատոնի շրջանակում Հայաստանի կինոգործիչների միությունում մայիսի 24-28-ը կցուցադրվի ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ։ Մուտքն ազատ է։

Փառատոնի շրջանակում գործելու է Երիտասարդական անկյուն, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվելու են հնարավորությունների էքսպո եւ տարատեսակ աշխատարաններ։ Այս տաղավարների միջոցով  հնարավոր կլինի ծանոթանալ ոլորտում առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին, ինչպես նաեւ մասնակցել աշխատարանների եւ քննարկումների։

«Փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը փորձ են՝ հուշելու, որ անկախ բոլոր հանգամանքներից, աշխարհագրական դիրքից ու սոցիալական կարգավիճակից, այսօր բոլորս էլ առերեսվում ենք կենսաբազմազանության ոչնչացման հետեւանքներին, եւ հետեւաբար բոլորս էլ պետք է նույնքան հոգատարությամբ փորձենք քայլեր ձեռնարկել առավել կանաչ ապագայի համար», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արեւորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

«Մենք շատ ուրախ ենք աջակցել այս փառատոնին, որը թույլ է տալիս երիտասարդությանը ծանոթանալ կարեւորագույն բնապահպանական խնդիրներն ու բացահայտեն, թե ինչ ներդրում կարող են ունենալ այդ խնդիրների լուծման հարցում։ Բնությունն այն միջավայրն է, որտեղ մենք ապրում ենք, ու որից կախված է բոլորիս կյանքի որակը, ու Ucom-ը որպես կանաչ ու պատասխանատու ընկերություն գիտակցում է դրա կարեւորությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արեւորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաեւ  Երեւանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։ Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։