10:07 | 21.05.24 | Նորություններ | 1021

100 հայ կին սկսում է իր ուղին «Նորարար կանայք» ծրագրում

Պաշտոնապես մեկնարկել է «Նորարար կանայք» ծրագիրը՝ իր շուրջը հավաքելով ԳՏՃՄ ոլորտի 100 հայ կնոջ։

«Նորարար կանայք» կամ «Women Innovators» (WIN) ծրագիրն իրականացվում է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ եւ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ՝ 2,5 ամիս տեւողությամբ անվճար դասընթացներ առաջարկելով ԳՏՃՄ ոլորտում ներգրավված կանանց եւ զինելով նրանց սեփական գաղափարների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքով, մտածելակերպով ու հմտությամբ:

FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը նշել է, որ ծրագիրը նպատակ ունի խթանելու Հայաստանում այնպիսի էկոհամակարգի ձեւավորումը, որտեղ գիտահեն ստարտափների ձեւավորումը եւ միջազգային հաջողությունը ոչ թե բացառություն, այլ համակարգային տրամաբանություն են.

«ԳՏՃՄ ոլորտում ունենալով համաշխարհային միջինը զգալիորեն գերազանցող կանայք եւ աղջիկներ՝ մենք տեսնում ենք, որ դրա հետ խիստ փոխկապակցված ստարտափ աշխարհում կին հիմնադիրները քիչ են: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է իրացնել այն հսկայական ներուժը, որ հայ կանայք ունեն այս ասպարեզում: Հենց այս հարցերին ի պատասխան էլ ձեւավորվել է WIN-ը»:

«Ծրագիրը յուրահատուկ է դարձնում այն, որ թիրախում ոչ թե արդեն որոշակի միտք ունեցող կանայք են, այլ նրանք, որոնք դեռ նոր են մտնում գաղափարի մշակման փուլ: Սահմանափակումներ չկան. յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու նախապատրաստվել գիտությունից ձեռներեցության անցման նախնական փուլում հնարավոր բոլոր գործոններին՝ միջավայրային կամ անհատական խոչընդոտներին, ներդրողներին համոզելու եւ կապեր ստեղծելու հմտությանը»,- նշել է «Նորարար կանայք» ծրագրի ղեկավար Լարիսա Ավետիսյանը:

Ծրագրի մասնակից, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ուսանող Սոսե Մարկոսյանը, կիսելով իր սպասելիքները, նշել է, որ ցանկանում է ավելի շատ իմանալ ձեռներեցության ու գիտության հետ դրա կապի մասին․

«Կարծում եմ շատ լավ հնարավորություն է հետաքրքրություններս զարգացնելու համար։ Ինձ շատ գրավեցին WIN-ի մասնագիտական կազմն ու կազմակերպչական թիմը եւ շատ ուրախ եմ, որ նրանց հետ աշխատելու հնարավորություն եմ ունենալու»։

Միջոցառման երկրորդ հատվածում Հայաստանում նորարարության ոլորտում կանանց դերի ու ներգրավվածության շուրջ պանելային քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը, Spacetab-ի գործադիր տնօրեն Նարինե Կոտիկյանը եւ Impact Hub Երեւանի հիմնադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը։ Քննարկման վարող՝ FAST-ի Ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Ռուբեն Օսիպյանի հետ զրույցում բոլոր խոսնակներն ընդգծել են կանանց դերը տնտեսության զարգացման գործում: