11:15 | 06.05.24 | Նորություններ | 1172

Granatus Ventures-ը ներդրում է կատարել Waveye-ում

Հայկական առաջին վենչուրային ֆոնդ Granatus Ventures-ը հայտարարել է հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափում ներդրում կատարելու մասին։

Ներդրման չափը չի հրապարակվել։ Waveye-ն զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաեւ արդյունաբերական եւ սպառողական կիրառությունների համար: Այն առաջարկում է ինքնավար համակարգերի համար AI-ի վրա հիմնված, բարձրորակ 4D ռադարային պատկերներ: Waveye-ն ԱՄՆ-ում գործող ստարտափ է, որն ունի թիմեր Միացյալ Նահանգներում, Գերմանիայում եւ շուտով նաեւ Հայաստանում։

Հիմնադիր թիմը՝ Լեւոն Բուդաղյանը, Գոռ Հակոբյանը եւ Նարեկ Ռոստոմյանը, ոգեւորված են Granatus Ventures-ի հետ համագործակցությամբ եւ կարծում են, որ Granatus-ի գործարար կապերի ցանցը հայկական ստարտափ էկոհամակարգում կօգնի իրենց հայաստանյան թիմում ներգրավել ինժեներական տաղանդներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Waveye ստարտափը ներդրումներ է ներգրավել նաեւ Formula VC եւ BigStory VC վենչուրային ֆոնդերից, նաեւ սինդիկատ ներդրում BANA Angels-ից։ Ընկերությունը Ներուժ 4.0 ծրագրի հաղթողներից է։