11:02 | 06.05.24 | Նորություններ | 1262

Գյումրիում առաջին անգամ կայացել է Gyumri Game Conference-ը

Մայիսի 4-5-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում առաջին անգամ անցկացվել է Gyumri Game Conference-ը՝ միջազգային կառույցների եւ խաղային արդյունաբերության ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմամբ ու աջակցությամբ։

Խաղային տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 20 փորձագետ եւ մասնագետ հանդես է եկել բանախոսություններով։ Միջոցառմանը ներկա էին կառավարության, ՏԻՄ-ի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ եւ գործընկերներ։

«Գյումրին, լինելով մշակութային մայրաքաղաք, մուտք է գործում ինտերակտիվ մեդիայի եւ խաղերի ստեղծման ոլորտ, որը մեկտեղում է արվեստը, սպորտը, մշակույթը եւ տեխնոլոգիաները․ Gyumri Game Conference-ը խաղային արդյունաբերության ոլորտի բացահայտման բացառիկ հնարավորություն է»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

Համաժողովի ընթացքում անցկացվել են մրցույթներ եւ հետաքրքիր խաղեր, որոնցից մեկն էլ Imagination challenge-ն էր, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ էր։

Տեխնոլոգիական կենտրոնում առկա էին նաեւ խաղային գոտիներ (թվային եւ անալոգ, VR գոտի)։ Ներկաները տեղում փորձարկել են թվային եւ անալոգ խաղեր, հայտնվել այլ իրականությունում եւ զգացել իրենց խաղերի ստեղծման ինտերակտիվ ոլորտում։

Կոնֆերանսը կազմակերպվել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի եւ «Revolution Origins»-ի կողմից: