16:46 | 03.05.24 | Նորություններ | 1380
«Kartes Analytica» ՓԲԸ-ն, որը զարգացնում է երկրատարածական վերլուծությունների կարողությունները Հայաստանում, դարձել է առաջին առեւտրային ընկերությունը, որին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
Kartes Analytica-ն մասնագիտացած է տվյալահեն պրոդուկտների մշակման եւ իր առաջադեմ երկրատարածական վերլուծական հարթակի միջոցով կիրառելի պատկերացումների մշակման մեջ: Այս լիցենզիայով ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր հնարավորությունները աշխարհատարածական ենթակառուցվածքում բեկումնային լուծումներ ստեղծելու համար։
«Եթե դուք ձգտում եք երկարատեւ ազդեցություն թողնել, այժմ ժամանակն է քայլ անել եւ համագործակցել մեզ հետ: Կոչ ենք անում մեր տեսլականը կիսող բոլոր գործընկերներին մասնավոր հատվածից, ստարտափ էկոհամակարգից, ակադեմիայից եւ միջազգային տիեզերական էկոհամակարգից համագործակցել մեզ հետ բեկումնային ռազմավարություններ եւ տեխնոլոգիաներ մշակելու գործում, որոնք կվերափոխեն մեր ազգային եւ տարածաշրջանային տիեզերական արդյունաբերությունը»,- ասել է Kartes Analytica-ի գործադիր տնօրեն Բաբկեն Տեր-Գրիգորյանը:
«Kartes Analytica-ին տիեզերական գործունեության լիցենզիա տրամադրելը բեկումնային պահ է Հայաստանի տիեզերական արդյունաբերության զարգացման մեջ: Մասնավոր ընկերություններին հնարավորություն տալով ակտիվորեն ներգրավվել տիեզերական գործունեության մեջ՝ մենք խթանում ենք նորարարությունը, ներգրավում ներդրումներ եւ ստեղծում նոր հնարավորություններ տնտեսական աճի համար»,- մեկնաբանել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Kartes Analytica-ն երկրաատարածական ենթակառուցվածքների եւ վերլուծական ընկերություն է, որը հիմնադրվել է 2022 թվականին։ Ընկերությունն ունի գրասենյակներ Հայաստանում ու Միացյալ Նահանգներում։