14:33 | 08.04.24 | Նորություններ | exclusive 1186

Վահե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս խուսափել ստարթափերի ռոմանտիզացումից

Deepwander եւ Read This Twice հարթակների հիմնադիր Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ ստարթափերի ռոմանտիզացումը հաճախ թյուր պատկերացումներ է ստեղծում երիտասարդների շրջանում:

«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նա ասել է, որ Ամերիկայի տեխնոլոգիական միջավայրում մի մոտեցում է իշխում. երիտասարդը պետք է կամ սեփական ստարթափը հիմնի, կամ աշխատանքի ընդունվի որեւէ խոշոր տեխնոլոգիական ընկերությունում:

«Այնինչ կան բազմաթիվ այլ հնարավորություններ եւ պետք չէ սահմանափակվել միայն այս երկու տարբերակներով», - նշել է Վահե Հովհաննիսյանը:




«Ձեր ապագան կառուցելիս փորձեք ուշադրություն դարձնել արժեք ստեղծելու, օգուտ բերելու վրա: Բարձր աշխատավարձը միշտ չէ երջանկություն ապահովում: Ճանաչում եմ ավագ ինժեներների, ովքեր աշխատում են Facebook-ում կամ Google-ում, տարեկան վաստակում են մոտ $ 500 000, բայց երջանիկ չեն եւ որեւէ հաճույք չեն ստանում իրենց աշխատանքից, քանի որ ամեն օր անում են նույն բանը, օրինակ, ինչ-որ գործառույթի օպտիմիզացիայով են զբաղվում», - պատմել է Վահեն:

Deepwander-ի հիմնադիրը շեշտել է, որ ԱՄՆ ստարտափ միջավայրում մարդիկ կարող են 7-ից 10 տարի օրական 12 ժամ աշխատել, բայց դա ամենեւին չի հաջողություն չի երաշխավորում:


«Սա ընտրության հարց է, յուրաքանչյուրը պետք է որոշի՝ ինքը պատրա՞ստ է այդ գինը վճարել: Երբ 12 տարի առաջ մեկնեցի Ամերիկա, վստահ էի, որ պետք է ստարթափ ստեղծեմ, որը մի քանի տարի անց $ 1 միլիարդ կարժենա: Բայց տարիների ընթացքում հասկացա, որ չեմ ցանկանում կյանքս զոհաբերել հանուն այդ նպատակի: Հիմա աշխատում եմ օրական 8 ժամից ոչ ավելին եւ ժամանակ ունեմ հաճույք ստանալ շատ բաներից, որոնք աշխատանքի հետ կապված չեն», - պատմել է Վահե Հովհաննիսյանը:

Ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված «Մեկնարկի՛ր» ծրագիրն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ։