15:33 | 11.08.23 | Հոդվածներ | exclusive 6200

Վահե Հովհաննիսյան. Ripple-ից մինչեւ Read This Twice

Read This Twice հարթակն ընթերցասերների ուղեցույց է։ Այն առաջարկում է հանրահայտ ու ազդեցիկ մարդկանց նախընտրելի գրքերը, դրանց վերաբերյալ նրանց մեկնաբանություններն ու կարծիքները։ Հնարավոր է տեսնել, թե ինչ գրքեր են կարդում եւ խորհուրդ տալիս Իլոն Մասկը, Բարակ Օբաման, Օփրա Ուինֆրին, Բիլ Գեյթսը կամ Քվենտին Տարանտինոն։

Read This Twice-ի տվյալների բազան անընդհատ մեծանում է, յուրաքանչյուր առաջարկություն նույնականացված է եւ ներառում է սկզբնաղբյուրի հղում:

Հարթակը մշակել է Վահե Հովհաննիսյանը, ով մասնագիտությամբ ծրագրավորող է եւ 13 տարեկանից վեբ կայքեր է պատրաստում։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո աշխատել է մի շարք հայտնի ընկերություններում։ Զուգահեռ հեղինակային նախագծեր է իրականացրել՝ ըստ սեփական նախասիրությունների։

Նա iTel.am-ին պատմել է Read This Twice-ի ստեղծման պատմությունը։

Կարիերայի սկիզբն ու տեխնոլոգիաներով հետաքրքրվելը

Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ավարտել եմ Պոլիտեխնիկական համալսարանը։ Փոքրուց համակարգիչ ունեի ու 13 տարեկանից սկսել եմ վեբ կայքեր մշակել։ Սկզբից ուղղակի հոբբի էր, հետո սկսեցի նաեւ գումար աշխատել ու սովորել։ Այդ ժամանակ արդեն upWork-ով էի աշխատում։

Վահե Հովհաննիսյանը Վահե Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս



Մի օր ինձ շատ պատահական Ջեդ անունով անծանոթ մեկը գրեց ու աշխատանքի առաջարկ արեց. պարզվեց՝ նա աշխարհում առաջին կրիպտոարժույթների փոխարկման համակարգի` Mt.Gox-ի ստեղծողներից է։ 2012-ին, երբ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, Սան Ֆրանցիսկոյում նրա հետ միասին սկսեցինք աշխատել մի նախագծի վրա, որը կոչվում էր Ripple։ Այն ժամանակ ընդամենը 6 հոգով էինք եւ դեռ կրիպտոարժույթներն այսքան տարածված չէին։ Հիմա Ripple-ն արդեն $10 միլիարդից ավելի է գնահատվում, 1000-ից ավելի աշխատակից ունի։

Մասնագիտական «այրումն» ու Read This Twice-ի գաղափարը

Մինչեւ 2017-ն աշխատեցի Ripple-ում, որից հետո Սան Ֆրանցիսկոյից դուրս եկա, որովհետեւ տեխնոլոգիական ոլորտից «այրում» կար։ Ապրելով Սան Ֆրանցիսկոյում ու տեսնելով, թե ինչ մեծ կոմպրոմիսների է պետք գնալ մեծ ընկերություն կառուցելու ու Unicorn դառնալու համար, հասկացա, որ չեմ ուզում այդ զիջումներին գնալ, չեմ ուզում, օրինակ, կյանքից 10-15 տարի նվիրել, օրական 12 ժամ լարված աշխատել։

Ripple-ից դուրս եկա ու տեղափոխվեցի Եվրոպա, սկսեցի երաժշտությամբ զբաղվել, տեւական ժամանակ դադար էի վերցրել ծրագրավորումից։ 2019-ին, սակայն, նորից վերադարձա տեխնոլոգիական ոլորտ։ 2.5 տարի առաջ միացա Vareto ընկերությանը, որտեղ ֆինանսների պլանավորման ծրագրակազմ էինք մշակում, հավաքեցի իմ ինժեներական թիմը։

Վահե Հովհաննիսյանը Վահե Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս



Տարբեր ընկերություններում աշխատելուն զուգահեռ գրեթե միշտ իմ սեփական նախագծերն եմ իրականացրել։ Առաջին ստարտափն ընկերոջս հետ էինք սկսել, գլոբալ ու տեղական միջոցառումները ներկայացնող վեբ կայք ստեղծել։ Բոլոր ստարտափային նախագծերն իմ սեփական հետաքրքրությունների հետ է կապվել։

2020-ի փետրվարին՝ Քովիդից առաջ, կարդացի Փիթեր Թիլի «Զրոյից մեկ» գիրքը, որտեղ հեղինակը շատ հետաքրքիր ու հակասական մտքեր է արտահայտել: Ինձ հետաքրքրեց հենց Փիթեր Թիլը՝ իր անձը, թե ինչ է նա կարդում, ինչ այլ գրքեր է խորհուրդ տալիս, ինչից է ոգեշնչվում։ Որոշեցի փնտրել ու հասկացա, որ չկա մի այնպիսի ռեսուրս, որտեղ կարելի է գտնել գրքերի առաջարկների սկզբնաղբյուրները, թե ինչ կոնտեքստում է տվյալ անձը խորհուրդ տվել կարդալ կոնկրետ գիրք։

Գործառույթները, Sona-ն ու առաջիկա ծրագրերը

Սկզբում ամբողջությամբ միայնակ սկսեցի մշակել հարթակը, գտնել այդ առաջարկները։ Իմ հետաքրքրությունների շրջանակում գտնվող անհատների էի ներառում՝տեխնոլոգիական առաջնորդներ, արտիստներ եւ այլն։ Այնուհետեւ ընդլայնեցի շրջանակը՝ ներառելով հայտնի ու հեղինակություն վայելող մարդկանց։ Հիմա մոտ 3 000 հոգի ներկայացված է կայքում։ Սոցիալական ցանցերում հետեւորդների մեծ բազա ունեցող մարդկանց նույնպես ընդգրկեցի։

photo © Read This Twice



Այնուհետեւ աշխատանքի հրավիրեցի մարդկանց, որոնք համացանցում փնտրում էին ու գտնում այդ մարդկանց եւ գրական առաջարկները։ Նաեւ մշակեցինք ավտոմատ համակարգ, որը արհեստական բանականության միջոցով բովանդակության վերլուծությամբ կարողանում է առանձնացնել գրքերի առաջարկները։ Հարթակում բոլոր գրքերի հետ Amazon-ի հղումներ ենք տրամադրում, որի շնորհիվ կարելի է պատվիրել նախընտրելի գիրքը։

Օրական 10 հազար այցելու ունենք, հիմնականում Միացյալ Նահանգներից, Կանադայից, Հնդկաստանից ու եվրոպական տարբեր երկրներից։ Այցելությունների մոտ 85 տոկոսը գալիս է որոնողական համակարգերից, հատկապես Google-ից։ Կարելի է ասել՝ այն ամբողջությամբ SEO կայք է:

photo © Read This Twice



Այս նախագծով վերջին շրջանում այդքան էլ ակտիվ չեմ զբաղվում։ Սակայն ավելացրել եմ «Sona» անունով AI օգնական, որը նկարագրության հիման վրա կարող է առաջարկել համապատասխան բովանդակությամբ գրքեր։

Read This Twice-ը կարելի է օգտագործել նաեւ որպես անձնական գրադարան, կազմել ցանկեր, կիսվել դրանցով։ Այս առումով մրցակից ենք Goodreads-ին։ Մեզ մոտ կան նաեւ թեմատիկ բաժանումներով ցանկեր, օրինակ՝ անձնային աճի, հոգեկան առողջության վերաբերյալ եւ այլն։ Այժմ 100-ից ավելի ցանկ է հասանելի։

Նախագիծն իրականացրել ենք սեփական ֆինանսավորմամբ: Աշխարհ փոխող փիչ չունեմ։ Ինձ շատ մոտիվացնում եւ ուրախացնում է, որ իմ մշակած հարթակն օգտակար է մարդկանց ու խթանում է ընթերցանությունը։ Ինձ լավ եմ զգում, որ ամեն օր տեսնում եմ, թե որքան գիրք է վաճառվել։ Ինքս էլ որոնումներ եմ անում ու նոր գրքեր բացահայտում։

Վահե Հովհաննիսյանը Վահե Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս



Առաջիկայում ծրագրում եմ զարգացնել այս հարթակի գաղափարը եւ AI-ի միջոցով նոր փորձառություն ստեղծել ընթերցասերների համար՝ թույլ տալով խոսել գրքի հետ, հարցումներ կատարել ու կոնտեքստի հիման վրա պատասխաններ ստանալ։ Կենտրոնացումը կլինի ավելի կրթական ու հոգեկան առողջության ուղղությամբ, իհարկե, գաղափարը դեռ հղկման փուլում է։

Նունե Գրիգորյան

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի